
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միշուստինը ելույթ ունենալով Պետդումայի առաջ և ներկայացնելով իր կառավարության գործունեության հաշվետվություն, հայտարարել է, որ ՌԴ դեմ վարվում է տնտեսական պատերազմ: Միշուստինը նկատի ունի արևմտյան պատժամիջոցները, որ կիրառվում են ուկրաինական զարգացումների՝ ռուսական ռազմական ներխուժման կապակցությամբ: ՌԴ կառավարության ղեկավարի գնահատականը թերևս չափազանցություն չէ, որովհետև ՌԴ դեմ պատժամիջոցները իրենց ծավալով իրապես հավասարազոր են պատերազմի: Այստեղ չքննարկենք պատճառահետևանքային կապերը, հնարավոր քաղաքական շերտերը, դիվանագիտական հնարքները և այլն, որոնք հանգեցրել են ներկայիս իրավիճակին: Դրա առիթները լինում են, և լինելու են: Արձանագրենք փաստը, որ Ուկրաինայում ստեղծված իրադրությունը ոչ միայն աշխարհակարգային ռազմա-քաղաքական, այլ նաև տնտեսա-քաղաքական մեծ վերափոխումների «գեներատոր» է և ՌԴ դեմ պատերազմը գործնականում պայմանավորված լինելով ուկրաինական առիթով, խորքային տեսանկյունից բխում է հենց այդ մեծ վերափոխումների ընդգրկուն տրամաբանությունից: Իսկ այստեղ անկասկած է, որ հարցը էապես առնչվում է նաև Հայաստանի կարևոր շահերին, ընդ որում թե տնտեսական, և թե նաև ռազմա-քաղաքական իմաստով: Որովհետև, դիցուկ օրվա ամենաքննարկվող իրադարձության՝ նախօրեին տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստը ևս զերծ չէ այն տնտեսական ռազմավարական շարժերի ազդեցությունից, որ ծավալվում են այսօր ուկրաինական կոնֆլիկտում:
Բրյուսելում տեղի ունեցածն անկասկած տեղավորվում է ներկայումս լայն թափ և մեծ դինամիկա ստացած աշխարհակարգային վերափոխումների համատեքստում ծավալվող դիրքային մեծ պայքարի շրջանակում: Պայքար, որը տեղի է ունենում թե ռազմա-քաղաքական, թե գեո-տնտեսական տիրույթում, փոխելով թե քաղաքական, թե տնտեսական հարաբերությունների բնույթն ամբողջ աշխարհում: Եվ ահա սա է, որ հայկական կողմի համար ներկայումս թերևս գլխավոր մարտահրավերներից մեկն է, որովհետև այս համատեքստում Ադրբեջանը ստանում է իր նավթագազային առավելությունը որոշակիորեն իրացնելու նոր դաշտ, այդ կարգավիճակից բխող միջազգային քաղաքական «պահանջարկի» աճ: Իսկ դա անշուշտ լրացուցիչ մարտահրավեր, լրացուցիչ բեռ է հայկական դիվանագիտության և քաղաքականության համար, պահանջելով այդ խնդրում դիմակայության հավելյալ ռեսուրսներ: Այդ տեսանկյունից թերևս Երևանի համար ընթացիկ խնդիրը դառնում է առկա շրջանը առավելագույնս անցավ անցկացնելը և մեծ վերափոխումների համատեքստում Ադրբեջանի «պահանջարկային» գործոնի «գինը» որևէ մեկի համար «չվճարելը»: Ահա այդ իմաստով է միևնույն ժամանակ կարևոր, որ ներկայումս այս հարցի ուղղությամբ աշխուժանան հնարավորինս մեծ թվով խաղացողներ, որոնց՝ միմյանց հակակշռելու հանգամանքը Երևանի համար կարող է լինել այդ հավելյալ ռեսուրսը: Եվրոպայի Խորհրդի նախաձեռնությունն այդ տեսանկյունից անշուշտ մի կողմից անխուսափելիորեն ներառում է Ադրբեջանի՝ վերը բերված կարգավիճակային նշանակությունը, որպես էներգակիր արդյունահանող սուբյեկտ, մյուս կողմից իր մեջ պարունակում է այն բազմազանության հնարավորությունը, որտեղ կարող է մանևրել Երևանը: Տեղի ունեցողը այս փուլում պետք է դիտարկել թերևս այդ տրամաբանության համատեքստում, որի բնույթն ու բովանդակությունը թերևս ոչ միայն ամբողջապես չեն արտահայտվի հրապարակային հայտարարությունների կամ ամփոփիչ հաղորդագրությունների տեքստերում, այլ դրանցով կարող են նույնիսկ «ծածկվել»: