
Բեռլինում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը մեղադրել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Ռուսաստանի հետ սերտ կապեր պահպանելու և Մոսկվայի հետ «շփումների ցանց» ունենալու մեջ։ Այս մասին դիվանագետը հայտարարել է Tagesspiegel թերթին տված հարցազրույցում։
Դեսպանը ափսոսանք է հայտնել, որ Գերմանիան չափազանց մեծ շահագրգռվածություն ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման հարցում, հատկապես՝ հաշվի առնելով նրա կախվածությունը ռուսական գազի, նավթի և ածուխի մատակարարումներից: Մելնիկի տեսանկյունից՝ Շտայնմայերը դրանում որոշակի պատասխանատվություն է կրում. նախկինում նա աշխատել է որպես Դաշնային կանցլերի գրասենյակի ղեկավար և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար։