Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, որ 21 տարի առաջ այս օրն ընդունվեց Անկախության հռչակագիրը: Ավելին՝ թեև նա ԱԺ պատգամավոր էր, բայց այդ կարևոր օրը գտնվում էր արտասահմանում, քանի որ նրան թույլ չէին տալիս վերադառնալ հայրենիք.
«Բայցևայնպես, մենք դեռևս չենք ընդունել անկախությունը որպես ազգային գիտակցության արմատներին կապող երևույթ»,- ասաց նա։
Խոսելով ներքին և արտաքին վտանգներից՝ Պ. Հայրիկյանը նշեց, որ ներքին վտանգների մասին խոսելն ավելի հեշտ է, երբ ազգային ներուժը նվազում է և մեծ վտանգ սպառնում ազգային անվտանգությանը. «Երբ քաղաքացին իրեն երկրի տեր չի զգում, նա պարտավորված չէ պաշտպանել երկիրը, իր տունը, իսկ մեր քաղաքացիների մեծ մասը իրեն երկրի տեր չի զգում»։
Խոսելով արտաքին վտանգների մասին՝ բանախոսն ասաց, որ շատ կարևոր է գիտակցել, որ մեր հարևանները շեշտը դրել են նրա վրա, որ երբ նախապատրաստեն համաշխարհային կարծիքը, պատրաստ են գնալու ռևանշի.
«Ավելին՝ պետք է հիշենք, որ Հայոց ցեղասպանությունն իրականացնելուց հետո Թուրքիան մտավ Կիպրոս և դուրս չեկավ, ավելին՝ երրորդ երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և այլք, պարտավոր չեն իրենց շահերը զոհել հանուն Հայաստանի»։
Պարույր Հայրիկյանը, թեև չի հավատում արտահերթ ընտրությունների հավանականությանը, սակայն թե՛ արտահերթի, թե՛ հերթականի դեպքում նա առաջարկում է ժողովրդավարության իր մոդելը, որն ուղարկել է 19 կուսակցությունների, որոնցից 6-ը արդեն գաղափարին հավանություն են տվել։
Ավելին՝ Հայրիկյանն առաջարկում է ընտրությունների ժամանակ միասնական ճակատով հանդես գալ՝ առանց հետին շահերի, և երկիրը դուրս հանել ստեղծված իրավիճակից։ Օրինակ, նրա առաջարկած մոդելի տարբերակով՝ ընտրությունները պետք է լինեն ոչ թե 5, այլ 2 տարին մեկ.
«Իսկ այդ մոդելը կնպաստի ոչ միայն Հայաստանի զարգացմանը, այլև շատ երկրներ կօգտվեն այդ մոդելից և լրացուցիչ գումարներ կվճարեն այն օգտագործելու համար»,- նշեց ԱԻՆ նախագահը։










































