«Առաջին լրատվականի» հարցերին պատասխանել է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ. Դավիթ-Մելիք-Նուբարյանը
Ի՞նչ կարծիք ունեք շրջանառվող առողջության համապարփակ ապահովագրության նախագծի և դրա կարևորության մասին: Հնչող կարծիքները հակասական են: Ըստ Ձեզ՝ այն ի՞նչ չափով գործունակ կլինի Հայաստանում՝ հաշվի առնելով ընդհանուր առողջապահական համակարգի կայացվածության աստիճանը և սոցիալ-տնտեսական պայմանները:
Մինչև բուն նախագծին անդրադառնալն ուզում եմ հակիրճ ներկայացնել, թե ինչ է առողջության սոցիալական ապահովագրությունը և ինչու է կարևոր վերջինի ներդրումը։ Առողջության ապահովագրության հիմնական նպատակն է պաշտպանել մարդկանց հիվանդության հետևանքով առաջացող ֆինանսական ռիսկերից, որոնք հաճախ լինում են այնքան բարձր, որ հանգեցնում են աղքատացնող ծախսերի։ Նման ծախսերը մասնագիտական գրականություն մեջ կոչվում են «աղետալի»։ Ըստ տարբեր գնահատականների՝ հայաստանյան տնային տնտեսությունների (ընտանիքների) մինչև 15%-ը բախվում են նման ծախսերի, և արդյունքում զգալի մասը աղքատանում է՝ ստիպված լինելով վաճառել ընտանիքին պատկանող անշարժ և շարժական գույքը։ Կա նաև տնային տնտեսությունների զգալի մաս, որն առհասարակ չի էլ դիմում բժշկի, որովհետև չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ տնտեսությունների տեսակարար կշիռը միջինում կազմում է 12%: Նման դեպքերում մարդիկ հաճախ կանգնում են ընտրության առջև, վճարել բուժման համար, թե օրինակ՝ վճարել երեխայի ուսման վարձը։ Այսպիսով, սոցիալական բժշկական ապահովագրության նպատակն է պաշտպանել հայաստանցիներին ֆինանսական աղետից և երաշխավորել, որ անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր մարդ կկարողանա ստանալ բուժօգնություն լիարժեք ծավալով։ Ինչ վերաբերում է շրջանառվող փաստաթղթերի իրատեսական լինելուն, ապա նշեմ, որ սա ընդամենը հայեցակարգ է, այսինքն՝ ցանկությունների հավաքածու, որից հետո պետք է արդեն մշակվեն և շրջանառվեն արդեն իրավական ուժ ունեցող փաստաթղթերը և այդ փուլում կարելի է խոսել փաստաթղթերում տեղ գտած ձևակերպումների մասին, առաջարկել փոփոխություններ և այլն։ Որպես գործընթացի մեկնարկ, կարծում եմ այս փաստաթուղթը բավարար է։
Սակայն, այո´, խոչընդոտները բազմաթիվ են, և դրանցով զբաղվելը, հատկապես մինչև օրենքի ընդունումը մեծ նշանակություն է ունենալու այս բարեփոխման՝ սահուն և քիչ ռիսկային ներդրման համար։ Խոչընդոտները ես կբաժանեմ երեք խմբի՝ ընդհանուր տնտեսական, հարկային վարչարարության և բուն առողջապահության համակարգի։ Առաջինը, կապված է երկրի տնտեսական վիճակի, ՀՆԱ-ի կայուն աճի, մարդկանց եկամուտների աճի հետ, եթե դանդաղի, ապա կարող է առաջանալ համակարգի կայունության հարց։ Երկրորդը, արդեն ասացի կապված է հարկային մարմինների եկամուտները հարկելու, ստվերը բացահայտելու ու կրճատելու արդյունավետությունից։
Երրորդ խումբը հենց առողջապահությանն առնչվող խնդիրներն են։ Որպեսզի համակարգն աշխատի, նախապես պետքէ իրականացվեն բարեփոխումներ հետևյալ ենթաոլորտներում՝ ծառայությունների մատուցման, շեշտը դնելով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի վրա, ապացուցողական բժշկության ներդրում և վերահսկողության գաղափարախոսության ամբողջական վերաիմաստա որում։ Սա առանձին հարցազրույցի նյութ է, այդ պատճառով սահմանափակվեմ այսքանով։
Կարծիք կա, որ մեզ մոտ ապահովագրական համակարգը պետք է ներդնել աստիճանական ձևով. չպետք է միանգամից ընդգրկել բոլոր խավերին՝ առաջնորդվելով սոցիալական համերաշխության սկզբունքով: Բացի այդ՝ կարծիք կա, որ այն տնտեսության խիստ բացասական ազդեցություն է ունենալու: Ի՞նչ կարծիք ունեք:
Իմ կարծիքով՝ վտանգները գերագնահատված են և պարզաբանեմ ինչո՞ւ։ Էլի անդրադարձ կատարենք փորձին։ Հիշում եք ԱՊՊԱ ներդրման ժամանակ նույնպես կային մտավախություններ, բայց ընդամենը մեկ տարի անց պարզվեց, որ այդ տարի գրանցված ՀՆԱ աճի զգալի մասը պայմանավորված է հենց ԱՊՊԱ-ի հետ, որովհետև հավաքագրված գումարների զգալի մասը վերադառնում է տնտեսություն՝ նոր աշխատատեղերի, եկամտահարկի, հիմնարկների կողմից վճարվող հարկերի և այլ ձևերով։
Եվ երկրորդը՝ մեր հասարակությունը առողջ չէ, դա էլ է կորուստ տնտեսության համար՝ հիվանդությունների բուժման ուղղակի և անուղղակի ծախսերի ձևով: Ուստի ապահովագրությունը կնպաստի նաև ժողովրդի առողջացմանը և հիվանդությամբ պայմանավորված կորուստների կրճատմանը։
Ինչ վերաբերում է ապահովագրության աստիճանական ներդրմանն ու սոցիալական համերաշխության սկզբունքին, ես մի քիչ այլ կերպ կձևակերպեի հարցը։ Ես միանշանակ կողմնակից եմ, որ այլ լինի համընդհանուր, բայց դրան պետք է հասնել աստիճանաբար, մոտ 7-10 տարիների ընթացքում։ Հիմա պետք է սկսել այն խմբերից, որոնք օգտվում են պետական պատվերից, պետական ծառայողներից և աստիճանաբար հասնելով ինքնազբաղված և գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց։
Բժշկական ապահովագրության ծրագրով նախատեսվում է 6% ապահովագրավճարի գանձում: Ըստ Ձեզ այս պահանջը արդարացվա՞ծ և իրատեսակա՞ն է:
Նախագծով առաջարկվում է, ըստ էության, ներդնել հենց առողջության պահպանման համար նախատեսված նոր հարկատեսակ, որը կոչվում է payroll tax: Այստեղ էլ որևէ հեղափոխական նորույթ չկա, ԵՊԲՀ «Հերացի վերլուծական» կենտրոնը խորը ուսումնասիրել է այս հարցը՝ ըստ այդմ՝ կարող ենք ասել,որ նման հարկ գործում է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ նաև Ռուսաստանի Դաշնությունում, եթե չեմ սխալվում շուրջ 5%-ի չափով։ Ինչու՞ է կարևոր ունենալ օրենքով պաշտպանված հենց առողջության համար նախատեսված գումար, որովհետև առկա է փորձ, երբ ժամանակին կառավարությունները, խոստանալով, օրինակ՝ դեղերի շրջանառությունից գոյացող ԱԱՀ-ի մի մասն ուղղել մեր առողջության պահպանմանը, այնուհանդերձ չեն կատարել խոստումը, իսկ այս դեպքում նման բան անել հնարավոր չի լինի։ Ուրիշ հարց է, որ երկրում կան բազմաթիվ մարդիկ, որոնք չեն հայտարարագրում իրենց եկամուտները, կա ստվերային տնտեսություն և այդ եկամուտներն ինչպե՞ս պետք է բերվեն հարկման դաշտ, ես չգիտեմ: Այդ հարցին պետք է պատասխանեն հարկային վարչարարության մասնագետները։










































