Ռուսաստանի հանդեպ արևմտյան պատժամիջոցների ծավալը, ընդ որում թե ֆինանսատնտեսական ու տեխնոլոգիական, թե նաև բարոյահոգեբանական, ըստ էության կարող է նոր իրավիճակ ձևավորել հետխորհրդային գոտում կամ Ռուսաստանի ազդեցության, հավակնությունների գոտում, Ռուսաստանի և հետխորհրդային պետությունների հարաբերությունների «մեխանիկայում»:
Բանն այն է, որ ահռելի ծավալի պատժամիջոցները ստեղծել են մի իրավիճակ, երբ ռուսական տնտեսության համար առաջացել է հետխորհրդային պետությունների կարիքը:
Ռուսաստանի մեծ թվով քաղաքացիներ փորձում են տնտեսական պատժամիջոցների ճնշմանը դիմակայել իրենց գործունեությունը ԵՏՄ և այլ հետխորհրդային երկրներ տեղափոխելու միջոցով: Սա բավականին բարդ ու բազմաշերտ երևույթ է, բայց նաև Ռուսաստանի համար անհրաժեշտ, որովհետև այդ «օդանցքների» բացակայությունը կարող է Ռուսաստանի ներսում առաջ բերել այնպիսի հոգեբանական լիցքերի կուտակում, որոնք իրավիճակը կդարձնեն պայթյունավտանգ: Այդպիսով, ձևավորվում է մի իրավիճակ, երբ բարձրանում է Կրեմլի կախվածությունը հետխորհրդային տարածությունից: Այլ կերպ ասած, եթե համարվում է, որ այդ երկրներն են մեծապես կախված Կրեմլից և գտնվում են նրա աշխարհաքաղաքական հավակնությունների ճնշման տակ, ապա պատժամիջոցների ահռելի ծավալը կարող է ստեղծել իրադրություն, երբ Կրեմլն էլ իր հերթին սկսում է որոշակի կախվածություն ունենալ այդ «օդանցքներից»:
Հասկանալի է, որ կախվածություն ասվածն այստեղ անշուշտ հարաբերական է, պայմանական, սակայն փոխհարաբերությունների տրամաբանությունն անշուշտ փոխվում է: Որքան կծավալվի այդ փոփոխությունը, կախված է մի շարք գործոններից, այդ թվում և այն, թե Ռուսաստանն ինչ ծրագրեր ունի իր ռեսուրսներով տնտեսությունը ադապտացնելու համար: Բայց թերևս կասկածից վեր է, որ պատժամիջոցների ընտրված ծավալն ու նաև բնույթը, այդ թվում ակնհայտորեն բարոյահոգեբանական նշանակության, Արևմուտքը դիտարկել և դիտարկում է թերևս հենց Կրեմլի ու այնտեղ կառավարող թիմի աշխարհաքաղաքական հավակնությունների թիրախում գտնվող հետխորհրդային երկրների միջև հարաբերության «մեխանիկան» փոխելու հաշվարկով: Իհարկե հետխորհրդային երկրները, այդ թվում մասնավորապես Հայաստանը, այստեղ պետք է փորձեն կառուցել իրենց հաշվարկները՝ առկա իրավիճակից օգտվելու, միաժամանակ սակայն դիմակայության որևէ նոր «վեկտորի» չվերածվելու համար:







































