Դատախազության կոլեգիայի նիստում ամփոփվեց, որ 2011 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված հանցագործությունները 8465-ն են, որոնք աճել են 573-ով կամ 7,3%-ով: Մասնավորպես՝ հանցագործությունների դեպքերի ընդհանուր աճին հակառակ, 114 դեպքով կամ 6,8%-ով նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները (1681-1567)` կազմելով ընդհանուր դեպքերի 18,5 %-ը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21,3%-ի դիմաց:
Նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու (645-629), այդ թվում` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերը (98-92), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների (54-42), այդ թվում` բռնաբարության և բռնաբարության փորձի դեպքերը (16-5): Աճ է արձանագրվել սպանության (21-28), սպանության փորձի (9-20) դեպքերով:
«Հելսինկյան» ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով հանցագործությունների, հատկապես սպանության և սպանության փորձերի աճին, նշեց, որ թեև իրենք այդ ուղղությամբ մոնիթորինգ չեն իրականացնում, բայց առհասարակ հանցագործությունները աճում են անպատժելիության մթնոլորտից: Ավելին, ըստ նրա՝ վերը նշված հանցագործությունների մեծ մասը չեն էլ բացահայտվելու, ինչն էլ իր հերթին նպաստում է հանցագործությունների աճին:
«Հանցագործները վստահ են, որ ոչինչ չի բացահայտվելու, քանի որ դատախազությունը չի աշխատում նորմալ: Դա է պատճառը, որ հանցագործությունները աճում են: Հանցագործությունների աճը առհասարակ անպատժելիության մթնոլորտում է ստեղծվում»,- ավելացրեց Միքայել Դանիելյանը: