Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը, ելույթ ունենալով սիրիական հեռուստատեսության ուղիղ եթերում, հայտարարել է, որ լսում է բարեկամական ու եղբայրական երկրների խորհուրդները, սակայն ոչ ոք իրավունք չունի միջամտել երկրի ներքին խնդիրներին։
Թուրքիայի հետ կապված հարցին ի պատասխան՝ Ասադը նշել է. «Այն երկրները, որոնք համարձակություն կունենան Սիրիայի գործերին ռազմական միջամտություն ունենալ, կբախվեն լուրջ հետևանքների։ Մենք ընդունում ենք հարևան ու այդպիսի փորձ ունեցող երկրների խորհուրդները, սակայն մեր գործերին չեն կարող միջամտել ո՛չ մոտակա, ո՛չ էլ հեռավոր երկրները»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական զարգացումները Թուրքիայի ներքին գործն է՝ դա պատճառաբանելով նրանով, որ Թուրքիան Սիրիայի հետ ունի ամենաերկար (877 կիլոմետր) ցամաքային սահմանը, և որ սիրիական զարգացումներն անմիջականորեն իրենց ազդեցությունն են թողնում հարևան Թուրքիայի վրա։








































