«Էկոլուր» բնապահպանական ՀԿ-ն օրերս ԶԼՄ-ներում հայտարարություն էր տարածել՝ ահազանգելով, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում անօրինական աղբանոցը տոքսիկ նյութեր է արտանետում։ Հրապարակումը գրավել է բնապահպանության նախարարության ուշադրությունը, որը տեղանքում անցկացրել է փորձաքննություն: Պարզվել է, որ աղբանոցը արտանետում է մեթան, ածխաթթու գազ, ամիակ։
Էկոլոգ Ինգա Զառաֆյանը մեզ հետ զրույցում տեղեկացնում է, որ հինգշաբրի օրը այցելել է տեղանք և հայտնաբերել, որ աղբանոցը գոյացել է ոչ թե անմշակ վայրում մեկ տարվա ընթացքում, այլ շատ ավելի երկար տարիների պատմություն ունի։
«Պարզվում է, այդ բլուրը առաջացել է տարիներ շարունակ աղբի կուտակումից։ Խնդիրն ավելի բարդ է, քան թվում է»,- ասում է Ինգա Զառաֆյանը։
Էկոլոգի խոսքով՝ ամենաահավորն այն է, որ աղբանոցն անօրինական է և գտնվում է անմիջապես ծննդատան դարպասի և մի քանի բնակելիների առջև։
Աղբանոցը մի քանի անգամ հարթեցվել, ծածկվել է հողի պաշտպանիչ շերտով և կրկին լցվել է: Այդ ողջ ընթացում տեղի է ունեցել ներքին ինքնայրում, որն ուղեկցվել է թունավոր նյութերի մթնոլորտ արտանետմամբ:
Այն պահին, երբ էկոլոգը այցելել է, Մալաթիա-Սեբաստիա աղբանոցի տարածքում ծանր տեխնիկա է տեղադրված եղել, որը մաքրել է աղբանոցի վերին շերտը:
Այս հարցով մենք դիմեցինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Գարիկ Գրիգորյանին։ Ըստ Գրիգորյանի՝ իրավիճակը չափազանցվում է էկոլոգների կողմից. «Ընդամենը մի քանի տոպրակ էին նետել այդ փոսերի մեջ։ Արդեն մաքրել, հավաքել ենք, հողը հարթեցրել»։
Գիրգորյանը հարկ է համարում նշել նաև, որ վարչական տարածքը նման գործողություններ իրականցնելու համար չունի համապատասխան տեխնիկա և նման ահազանգներ ստանալու դեպքում տեղանքը մաքրելու համար դիմում է «Կռունկ» ՓԲԸ-ին։







































