Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլխան Պոլուխովը նշանակվել է ՀԱՀ-ում Ադրբեջանի դեսպան։ Այս կապակցությամբ նորանշանակ դեսպանը հայտարարել է.
«ՀԱՀ-ում դեսպան նշանակվելը, անկասկած, նախագահ Իլհամ Ալիևի կողմից մեծ վստահություն է իմ նկատմամբ, որը ես պարտավոր եմ հաստատել գործնական քայլերով։ Դա մեծ պատիվ ու պատասխանատու առաջադրանք է ինձ համար։ Մինչ այս Ադրբեջանը ՀԱՀ-ում չուներ իր դեսպանությունը, և, ընդհանրապես, մենք դիվանագիտական ներկայացուցչություն չունեինք այն տարածքում, որը հայտնի է «Սև Աֆրիկա» անվանմամբ։ Առաջին դեսպանատունը կլինի այստեղ։
Հաշվի առնելով իր տարածաշրջանում ՀԱՀ-ի բարձր հեղինակությունն ու Աֆրիկայի առաջատար երկիր լինելը՝ նախագահ Ալիևն իմ առջև կոնկրետ առաջադրանքներ է դրել, որոնց իրագործման համար ես կանեմ հնարավոր ամեն բան։ ՀԱՀ-ը աշխարհի զարգացած երկրների լավագույն քսանյակում է, ունի լայն հնարավորություններ և Աֆրիկայում կարևոր դեր է խաղում քաղաքական ու տնտեսական ոլորտներում։
ՀԱՀ-ն Ադրբեջանում չունի դեսպանություն, այդ երկրի շահերը մեր երկրում պաշտպանում է Թուրքիայում գտնվող նրա դեսպանատունը։ Անկասկած է, որ մենք փորձելու ենք Բաքվում բացել ՀԱՀ-ի դիվանագիտական ներկայացուցչություն։
Կարելի է ասել, որ Ադրբեջանի ու ՀԱՀ-ի միջև հարաբերությունները, բացառությամբ ռազմա-տեխնիկական համագործակցությունից, գտնվում են զրոյական մակարդակի վրա։ Դա վերաբերում է նաև երկու երկրների պաշտոնատար անձանց փոխադարձ այցերին ու երկկողմանի հարաբերությունները կանոնակարգող իրավական բազային։ Դրանց թվին կարելի է հավելել նաև մշակութային, տնտեսական, սոցիալական, հումանիտար, կրթական կապերը»։
Պոլուխովն ընդգծել է, որ տվյալ փուլում իր երկրի շահերն է ներկայացնելու ՀԱՀ-ում, սակայն ապագայում հնարավոր է, որ միաժամանակ նույնն անի տարածաշրջանի մյուս երկրներում ևս։
Հիշեցնենք, որ 2010 թվականին ՀԱՀ-ը Ադրբեջանին վաճառել է 17,674,395 դոլարի ռազմական արտադրանք, իսկ 2009 թվականին՝ 22,515,755 դոլարի ռազմական արտադրանք։ Խոսքը հիմնականում տեղական արտադրության Marauder զրահամեքենաների մասին է։











































