Օգոստոսի 20-ին Կալիֆորնիայի Սանտա Բարբարա քաղաքի Մոնտեսիտո արվարձանում տեղի ունեցավ 30-ամյա մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանի և 26-ամյա բասկետբոլիստ Քրիս Համֆիրսի հարսանեկան արարողությունը:
Հարսանիքից մի քանի ժամ առաջ Քիմ Քարդաշյանն իր անձնական բլոգում մտերիմների հետ կիսվել է տպավորություններով, արտահայտել իր հուզմունքը. Նա մասնավորապես գրել է. «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր այս օրն ինձ համար երջանիկ են դարձնում, շնորհակալ եմ աջակցության համար, ես սիրում եմ ձեզ»: Իր դստերը շնորհավորել է Քիմի մայրը` գրելով. «Քիմբերլի, ես հիշում եմ, թե ինչպես էիր դու փոքր տարիքում խաղում իմ շորերի հետ, կարծես երեկ լիներ, ժամանակն այնպես արագ է անցնում, ես ուրախ եմ քո երջանկության համար»:
Քիմ Քարդաշյանի քույրը Քիմի գրության տակ գրել է նաև իր մտորումները` հիշելով, որ երբ իրենք փոքր էին, միշտ երազում էին հարսանիքի մասին, պատկերացնում, թե ինչպես կանցնի այդ արարողությունը:
Ինչպես հաղորդում է People հանդեսը, որը հարսանիքի բացառիկ լուսանկարներ ունենալու համար ամուսնական զույգին նախապես կես միլիոն դոլար է վճարել, արարողությանը ներկա էին 440 հյուրեր` այդ թվում Քրիստինա Ագիլերան, Սիարան, Ավրիլ Լավինը, Լինդսի Lոհանը և այլ հայտնի մարդիկ:
Քարդաշյանի զգեստը պատրաստված էր աշխարհահռկաչ Վերա Վանգի կողմից, իսկ կոշիկները Ջուզեպպե Զանոտիից էին: Զույգը փոխանակվեց Լորեյն Շվարցի պատրաստած ամուսնական հատուկ մատանիներով: Ինչպես հայտնում է huffingtonpost.com-ը` Քիմի ամուսնական մատանու արժեքը 2 միլիոն դոլար է:
Որպես հարսնաքույր մասնակցում էին Քարդաշյանի երկու քույրերը` Քորթնին և Խլոյը: Քարդաշյանն ամբողջ երեկոյի ընթացքում հայտնվեց երկու տարբեր զգեստներով, որոնցից յուրաքանչյուրը 25 հազար դոլար արժեր, և փոխեց 4 զույգ կոշիկ:
Աստղային զույգի ամուսնական արարողությունը լայն արձագանք է գտել ամերիկյան լրատվամիջոցներում:















































