Ինչպես տեղեկացրել էինք, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն խիստ գնահատականներով հայտարարություն է ընդունել, որտեղ մերժել է կազմակերպության մասնակցությունը Լոս Անջելեսում ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ճաշկերույթին։
Այսօր ԱԺ պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ՀՅԴ ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչքանով է նորմալ, որ ԱԺ-ում երկու մշտական հանձնաժողովների նախագահներ դաշնակցական են, ու էսպիսի հայտարարություն է տարածվում ԱՄՆ-ում: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ դրա կապակցությամբ Կիրո Մանոյանը արդեն հնչեցրել է կուսակցության պաշտոնական պատասխանը և ավելացնելու ոչինչ չունի:
Հիշեցնենք, որ այս կապակցությամբ ՀՅԴ մամլո դիվանը մեկնաբանություն էր խնդրել ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանից, ով ասել էր, որ հայտարարությունն արտահայտում է կենտրոնական կոմիտեի դիրքորոշումը և, թերևս, արդյունք է գաղութում առկա որոշակի տրամադրությունների։ Հասկանալի է, որ ՀՀ-ում կուտակվել են բազմաթիվ հիմնահարցեր, առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Բայց 20-ամյա տարելիցը մեր ընդհանուր հաղթանակի և ձեռքբերումների ամրագրումն է։
«Մենք իրավունք չունենք այս մակարդակի միջոցառումներում, անձնավորված հարաբերություններով և հուզական քայլերով առաջնորդվելու, այլ առիթը պետք է օգտագործենք, մնալով հանդերձ մեր սկզբունքային դիրքերում, նման միջոցառումներով արտահայտելու մեր միասնականությունն ու համախմբվածությունը»,- ավելացրել էր Կիրո Մանոյանը։










































