Օգոստոսի 19-ին վաղ առավոտյան «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևելք» շահագործման տնօրինության աշխատակիցները Աբովյան փ.-Մյասնիկյանի պ.-Հերացու փ. հատվածում գտնվող ստորգետնյա տրանսպորտային անցումի մեջ ձեռնամուխ են եղել գործող անձրևատար համակարգի վերակառուցմանը, որի համար մայրաքաղաքի ճանապարհային ոստիկանությունը ստիպված ժամանակավորապես փակել է անցումը տրանսպորտային միջոցների համար:
Աբովյան փողոցի կողմից ստորգետնյա անցումի մեջ տեղադրվում է երկու նոր անձրևատար ճաղավանդակ, իսկ ստորգետնյա անցումի ելքից ոչ հեռու` Մյասնիկյանի պողոտայի և Հերացու փողոցի հատման վայրում անձրատար դիտահորից խոշոր տրամագծի խողովակով միացում է տրվում դեպի Գետառի հունը:
Ներկայումս Մյասնիկյան պողոտայի վերին հատվածներում անձրևների ժամանակ կուտակվող ջրերը լցվում են հեղեղատար ցանց և հեռանում: Սակայն հորդ անձրևների ժամանակ ցանցի թողունակությունն ակնհայտորեն չի բավարարում, որի պատճառով ջրերը դուրս են հորդում դիտահորերից և հեղեղում հարակից փողոցներն ու ստորգետնյա անցումների մեջ տրանսպորտային խցանումներ առաջացնում:
Մայրաքաղաքում անձրևների ժամանակ առաջացող ջրհեղեղների կանխարգելմանն ուղղված այս աշխատանքները նպատակ ունեն Մյասնիկյանի պողոտայով ձգվող անձրևատար համակարգի «ավելորդ» ջուրն ուղղել դեպի Գետառ` խուսափելով հարակից տարածքների հեղեղումներից, ինչպես նաև կուտակվող ջրերն ավելի արագ հեռացնել «Պլանի գլխի» ստորգետնյա տրանսպորտային անցումից:
Հաշվի առնելով Աբովյան փ.-Մյասնիկյանի պ.-Հերացու փ. հատվածի աշխույժ տրանսպորտային երթևեկը, «Երևան Ջուր» ՓԲԸ աշխատակիցները նախատեսում են այսօր իսկ վերջացնել աշխատանքների մեծ մասը և բացել ստորգետնյա անցումը տրանսպորտի համար:








































