
Դատախազությունը չի հաստատել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրգործի մեղադրական եզրակացությունը և գործը հավելյալ քննչական գործողությունների համար հետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե: Նախկին ոստիկանապետի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործն ավարտվել էր օրեր առաջ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին, որպեսզի վերջինս հաստատի եզրակացությունն ու գործը գնա դատարան: Քրեական գործի նախաքննությամբ, ըստ տեղեկության, բացահայտվել են Վովա Գասպպարյանի կատարած կոռուպցիոն բնույթի չարաշահումներ, այդ թվում հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի չափով գույքն օրինականացնելու դեպքեր:
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ համաձայն չէ դատախազության որոշմանը և մեղադրական եզրակացությունը չհաստատելն ու գործը նոր աշխատանքի համար հետ ուղարկելը համարում է անօրինական: Կոմիտեն հայտնել է, որ բողոքարկելու է այդ որոշումը վերադաս դատախազին, սակայն այստեղ նշվում է ուշագրավ հանգամանքի մասին: Մասնավորապես, Հակակառուպցիոն կոմիտեն նշում է, թե այդպիսի գործերով որոշումները անկասկած կայացվում են դատախազության ամենաբարձր մակարդակում հետևաբար պարզ է, որ բողոքարկումը հազիվ թե փոխի իրավիճակը: Այլ կերպ ասած, ՀԿԿ-ը փաստացի հայտարարում է, որ Վովա Գասպարյանի գործի վերաբերյալ դատախազության որոշումը՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու վերաբերյալ, կայացվել է դատախազական ամենաբարձր մակարդակով, այլ կերպ ասած՝ Գլխավոր դատախազի մակարդակով, որն օրեր առաջ Ռուսաստանում էր և արժանացավ հայ-ռուսական բարեկամության համար Պուտինի մեդալին: Այդպիսով, ստացվում է, որ Հակակառուպցիոն կոմիտեն, որ ստեղծվել է ամիսներ առաջ և որը գլխավորում է արդեն գոյություն չունեցող ՀՔԾ նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանը, ակնարկում է, որ դատախազությունը ամենաբարձր մակարդակով հովանի է Վովա Գասպարյանի գործին:
Իհարկե, կրկնենք, սա ակնարկի մակարդակում է, որովհետև այդպիսի ուղիղ հայտարարություն առկա չէ:
Չի բացառվում իհարկե, որ Հակակոռուպցիոն կոմիտեն փորձում է արձագանքել այդպիսի սուր և «բարձր» մակարդակով, դատախազության հանդեպ հանրային ճնշում ձևավորելու նպատակով: Մյուս կողմից, իր հերթին չի բացառվում և այն, որ դատախազությունն էլ իր հերթին ապահովագրվում է դատարանում այսպես ասած անհարմար դրության մեջ հայտնվելուց: Որովհետև, դատարանում մեղադրանքը պետք է պաշտպանի դատախազը: Եթե գործը քննչական մակարդակում ունի որոշակի բացեր, ապա դրանք ի հայտ են գալու դատարանում և առաջացնելու են մեղադրանքը պաշտպանելու խնդիրներ, որոնք էլ իրենց հերթին կարող են առաջացնել դատախազության հանդեպ հանրային անվստահություն և կասկածներ: Այդ իմաստով չի բացառվում անգամ, որ դատախազությունը առաջնորդվում է օրինակ Ռոբերտ Քոչարյանի աղմկոտ գործի նախադեպով: Գործը քննել էր ՀՔԾ-ն՝ թավշյա հեղափոխությունից հետո, որը գլխավորում էր հենց ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար դարձած Սասուն Խաչատրյանը: Դատարանում սակայն Ռոբերտ Քոչարյանի մարտիմեկյան գործը և ընդհանրապես նրա հետ կապված գործերը կարծեք թե բախվեցին «տեղապտույտի»: Իհարկե այդ առնչությամբ գնահատականները տարբեր էին, հանրային մի մաս մեղադրում էր դրա համար դատական համակարգին, որոշները՝ դատախազությանը, մի մասն էլ ՀՔԾ-ին՝ ոչ բավարար մակարդակով կատարված քննության համար: Ըստ այդմ պետք չէ բացառել, որ աղմկոտ նոր գործի պարագայում, որպիսին անկասկած լինելու է Վովա Գասպարյանի գործը, դատախազությունը որոշում է ապահովագրվել դատարան չհասած: Թեև, այս պարագայում էլ անկասկած լինելու են գնահատականներ, որ իրականում դատախազությունը «ծածկում» է նախկին ոստիկանապետ Գասպարյանին:
Պետք է հետևել, թե ինչ զարգացում կստանա գործը, սակայն այստեղ ուշադրության արժանի է թերևս մի խնդիր՝ արդյո՞ք Վովա Գասպարյանի գործի առիթով դրսևորվում է Գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի հակադրություն, որը կարող է ունենալ ծավալում: Ավելին, կարող է հարց լինել, թե արդյո՞ք դա Արթուր Դավթյան և Սասուն Խաչատրյան հակադրություն չէ, որ դատախազություն-ՀՔԾ տիրույթից Խաչատրյանի տեղափոխման հետ տեղափոխվում է դատախազություն-հակակոռուպցիոն կոմիտե տիրույթ: Մեծ հաշվով, դատախազության և քննչական կառույցի միջև ինստիտուցիոնալ շահերի բախումը զգալիորեն առողջ երևույթ է, որը սակայն կարող է անառողջ մետաստազներ ունենալ ինստիտուտների թույլ զարգացվածության պարագայում, բերելով ոչ թե իրավունքի, այլ ինտրիգների գերակայության միջավայրի: