Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են գործողություններ՝ Արագածոտնի մարզի 28-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է հունվարի 16-ին: Ահազանգով տեղեկացվել է, որ «Ձախից պարանոցի առաջկողմնային մակերեսի թափանցող վերք շնչափողի վնասումով, հարակից հյուսվածքների ենթամաշկային էմֆիզեմա» ախտորոշմամբ «Արշտարակ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ավան գյուղի 28-ամյա բնակիչը:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը հիշյալ գյուղում ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել վերոնշյալ երիտասարդի և նրա համագյուղացու միջև, որի ժամանակ վերջինիս հետ դեպքի վայրում գտնվող 29-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 28-ամյա երիտասարդի պարանոցին՝ պատճառելով մարմնական վնասվածք և դիմել փախուստի:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև՝ ձեռնարկվում օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 29-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: