Գազայից Իսրայելի տարածքի վրա է նետվել մի քանի «Կասամ» տեսակի հրթիռ, որոնցից մեկն ընկել է Աշկելոն քաղաքի վրա: Իսրայելական կործանիչները պատասխան հարված են հասցրել հակառակորդի բոլոր 7 հենակետերի վրա` ոչնչացնելով թունելներ, որով ահաբեկիչները ներթափանցում էին Իսրայելի տարածք:
Իսրայելի այս գործողություններն արվել են ի պատասխան նախօրեին Էյլաթ նավահանգստի մոտակայքում իրականացված 3 ահաբեկչությունների: Ինչպես հայտնել էինք նախկինում, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ոչ մի ահաբեկիչ անպատիժ չի մնա, ու հարձակում կատարողները կոչնչացվեն:
Ինչպես հայտնում է mignews.com կայքը, տեղեկություններ են ստացվել այն մասին, որ երեկվա ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 8-ի: Զոհվել է նաև իսրայելական ոստիկանության լեգենդար դիպուկահար Պասկալ Աբրահամին:
Ինչպես նշել էինք նախկինում, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել էին Գազայի վրա և արդյունքում սպանել 6 մարդու: Սպանվածների մեջ է եղել նաև «Ազգային դիմադրության կոմիտե» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը` հայտնի Աբու Իվադ ան-Նեյրաբը: Պաղեստինցի գրոհայինները խոստացել են վրեժ լուծել՝ Գազայի վրա հարձակում իրականացնելու և իրենց առաջնորդին սպանելու համար:
Միաժամանակ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պաղեստինյան ՖԱԹՀ-ը հարձակումների համար քննադատել է Իսրայելին և խնդրել է դադարեցնել բռնությունները:








































