Հայ-ռուսական մշակութային համագործակցության «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն այսօր հյուրընկալվեց Արագածոտնի մարզպետարանում։ Նրան ընդունեցին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, մարզպետի օգնականներ Լիլիթ Նիկոյանը, Մերի Բադալյանը։
Հանդիպման նպատակն էր քննարկել հայ-ռուսական մշակութային համագործակցության ուղիները, մասնավորապես Արագածոտնում ռուսաց լեզվի անվճար դասընթացների արդյունքներն ու շարունակականությունը, մշակութային և ուսուցողական միջոցառումների անցկացման հնարավորությունները։
Ռազմիկ Պետրոսյանը բարձր գնահատեց «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի ջանքերը՝ ուղղված դպրոցականների լեզվիմացության բարձրացմանը։ Նա հորդորեց նաև ՌԴ հայկական համայնքներում հայերենի դասընթացներ կազմակերպել, հայկական մշակույթի և պատմության տարածմանն ուղղված միջոցառումներ իրականացնել։
Կողմերը պայմանավորվեցին խորացնել առկա համագործակցությունը։
Նշենք, որ նախորդ տարում «Դոմ Մոսկվի» կենտրոնի և մարզպետարանի համագործակցությամբ Աշտարակում, Ապարանում, Թալինում դպրոցահասակ երեխաների համար կազմակերպվել են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ։