
Գեղարքունիքի մարզում 2021 թվականին համավարակի դեմ պատվաստվել է 65 հազար 553 քաղաքացի, կամ ընդհանուր բնակչության թվի 39,3 տոկոսը։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, մարզի միջինից ցածր կատարողական են ապահովել Գավառի պոլիկլինիկան՝ 27,1 տոկոս, Վարդենիկի ԱԿ-ում՝ 26 տոկոս, Ձորագյուղի բուժամբուլատորիայում՝ 26,7 տոկոս, Արծվանիստի ԱԱՊԿ-ում՝ 29 տոկոս, Զոլաքարի բուժամբուլատորիայում՝ 30,5 տոկոս եւ Լիճքի ԱԱՊԿ-ում՝ 31,6 տոկոս: Մարզի միջինից բարձր կատարողական են ապահովել Դդմաշենի բուժամբուլատորիան՝ 78,3 տոկոս, Լուսակունքի ԱԱՊԿ-ն՝ 64,8 տոկոս, Լճափի ԱԱՊԿ-ն՝ 64,2 տոկոս եւ Ծովագյուղի ԱԱՊԿ-ն՝ 50,7տոկոս: «Պատվաստումների կատարողականը մարզում բավականին բարձր է պետական կառույցներում։ Մարզպետարանի անձնակազմի աշխատակիցներից պատվաստվել են 96,7տոկոսը, Ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակցիցներից՝ 98 տոկոսը, բուժաշխատողներից՝ 97 տոկոսը եւ մանկավարժներից՝ 96 տոկոսը:
«Պատվաստումային գործընթացը բնակչության, տնտեսվարողներին եւ նրանց աշխատակիցներին առավել մատչելի եւ հասանելի դարձնելու համար մարզի առողջապահության առաջնային օղակում ստեղծվել են շրջիկ պատվաստումային խմբեր, ինչպես նաեւ պատվաստումային գործընթացի համար աշխատանքային են համարվում շաբաթ եւ կիրակի օրերը: Հուսանք, որ մեզ կհաջողվի պահպանել եւ նվազեցնել համավարակի նահանջի ներկա տեմպերը՝ շարունակելով պատվաստումների գործընթացը»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը։