Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արդեն երկրորդ օրն է, ինչ Իրանը թուրքական ավիացիային թույլատրել է ռմբակոծել իր սահմանամերձ հատվածում (իր տարածքում) գտնվող քուրդ զինյալների ճամբարները։
Նշվում է, որ Դիարբեքիրում բազավորված 181-րդ և 182-րդ դիվիզիոնների F-16 կործանիչները և Մալաթիայում բազավորված 171-րդ, 172-րդ և 173-րդ դիվիզիոնների F-4 ռմբակոծիչներն արդեն երկու օր է, ինչ ուժգնորեն ռմբակոծում են Ղանդիլի լեռնաշղթայում գտնվող քուրդ զինյալների ճամբարները։
Թուրքական մարտական ինքնաթիռները ռմբակոծել են նաև Ղանդիլի լեռնաշղթայի արևելյան հատվածը, որն ընկնում է Իրանի տարածքում։ Բացի այդ, օդային գործողության ժամանակ թուրքական ինքնաթիռներն օգտվել են Իրանի օդային տարածքից։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ թուրքական ռազմաօդային ուժերը Հյուսիսային Իրաքի սահմանին հարվածներ են հասցրել 60 թիրախների, իսկ հրետանային ուժերը ոչնչացրել են 168 կոնկրետ թիրախներ։







































