2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը: Ըստ այդ օրենքի՝ ՀՀ տարածքում խաղատուն կամ շահումով խաղ կարելի է կազմակերպել միայն Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան համայնքների վարչական սահմաններում, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում և «Երևան» ազատ տնտեսական գոտում:
Սակայն «Երևան» ազատ տնտեսական գոտու սահմանները դեռևս հայտնի չեն:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր կառավարության հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նշված վայրերում գտնվող խաղատներն ու շահումով խաղերը պետք է ուղիղ գծով առնվազն 500 մետր հեռավորության վրա գտնվեն կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից և հիվանդանոցներից:
Բացի այդ` խաղատունը պետք է ունենա առնվազն 250 քառ.-մետր, իսկ շահումող խաղը` առնվազն 100 քառ.-մետր ընդհանուր մակերեսով տարածք:
Ըստ ֆինանսների նախարարության հաղորդագրության` 2011 թ. օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում օրինական լիցենզիա ունեն 84 շահումով խաղ, 10 խաղատուն և վիճակախաղի 3 կազմակերպիչ:









































