
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը
Թուրքական լիրան նոր հակառեկորդ է սահմանել։ Լիրայի արժեզրկումը ինչպե՞ս է ազդում Թուրքիայում բնակվող հայաստանցիների վրա։ Ինչպես է արժեզրկումը ազդելու Հայաստանի տնտեսության վրա։
Նախ, ուզում եմ հիշեցնել, որ սրանից առաջ նույնպես Թուրքիայում նման բաներ եղել են, երբ դրամն այսպես արժեզրկում է ապրել: Ներկայումս լիրայի կտրուկ արժեզրկումը Թուրքիայում մեծ գործազրկության պատճառ է դարձել, աշխատանք փնտրողները որևէ կերպ չեն կարողանում աշխատանք գտնել, մարդիկ հրաժարվում են իրենց աշխատակիցներին վճարել նախկինի պես: Այս անպատեհությունը, որպես կանոն, վերաբերում է նաև Հայաստանից Թուրքիա աշխատելու եկածներին: Դրան գումարվում է սոսկալի գնաճը, երբ ամեն բան թանկանում է, ապրելը դժվարանում է:
Ի՞նչ քայլերի է դիմում Թուրքիայի իշխանությունը իրավիճակը փրկելու համար: Հնարավո՞ր է, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից:
Իրավիճակն իսկապես, լարված է: Նավթը, բենզինը, մյուս ապրանքները թանականում են, և այդ ամենը սղաճի ձևով է փոխանցվում, իսկ իշխանությունները անզոր են մնացել այս իրավիճակում: Նախկինում նման դեպքերում երկրի Կենտրոնական բանկը դոլար էր տրամադրում հասարակությանը, իսկ հիմա ԿԲ պաշարներում այդքան դոլար չկա հրապարակ նետելու համար, հետևաբար իշխանությունները անճար են: Նրանք ձևացնում են, թե ներդրումներ են անելու, իրականում սա երկրի սնանկացման ճանապարհն է:
Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը ներքաղաքական կյանքում: Հնարավո՞ր է զարգացումները հանգեցնեն արտահերթ ընտրություններին և Էրդողանի հեռացման:
Ընդդիմադիրները վճռական են տրամադրված և նշում են, որ Էրդողանը չի ձգի մինչև իր ժամկետի ավարտը: Ընդդիմությունը արդեն ոչ թե ժամկետից շուտ, այլ անհապաղ ընտրությունների պահանջ է դնում, իսկ Էրդողանը դիմադրում է, ասում է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, որ ընտրությունները տեղի են ունենալու 2023-ին: Բացի այդ, ինքնաբուխ ցույցեր տեղ ունեցան Թուրքիայի տարբեր քաղաքներում, թեև դրանք զանգվածային բնույթ չկրեցին, ոստիկանները կանխեցին ցույցերը: Ցույցի ելնողները փոքրիկ խմբակներ էին, որոնք պահանջում էին Էրդողանի հեռացումը, իշխանության և կառավարության հրաժարականը: Ակնհայտ է, որ հասարակության մոտ իշխանության վարկը զգալիորեն նվազել է։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը, շատ բան կախված է նրանից, թե որքան դեռ կգահավիժի լիրան: