Ադրբեջանական Aze.az կայքի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեխտիևը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունին, որում ուշադրություն է հրավիրել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման» շարունակության վրա։
Նամակում ընդգծվել է, որ հուլիսին գրանցված «հրադադարի ռեժիմի խախտումների» ու հուլիսի 14-ի «ահաբեկչության» արդյունքում զոհվել է 13-ամյա ադրբեջանցի մի աղջնակ և Ադրբեջանի զինված ուժերի մի սպա, իսկ Ադրբեջանի երկու քաղաքացիներ էլ լուրջ վնասվածքներ են ստացել։
Նամակում վստահություն է հայտնված, որ Հայաստանի կառավարությունը «ստիպված կլինի վերջ դնել իր սադրիչ քաղաքականությանը, դադարեցնել ադրբեջանական տարածքների օկուպացիան, հրաժարվել հարևան երկրների նկատմամբ տարածքային հավակնություններից ու բարելավել տարածաշրջանի բոլոր երկրների հետ քաղաքակիրթ կապերը»։









































