Բարի գալուստ «Տարածաշրջանը Ռիչարդ Գիրագոսյանի հետ» հաղորդաշար: Սա չորրորդն է մեր հաղորդումների շարքից, որի նպատակը Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերլուծական տեսության և գնահատականի տրամադրումն է:
Այս շաբաթվա հաղորդումը մենք, իհարկե, կսկսենք Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումների տեսությամբ: Հաղորդման շրջանակներում, սակայն, շատ ավելի մեծ ուշադրություն կդարձնենք Հայաստանի ներսում տեղի ունեցող իրադարձություններին:
Սկսենք Լեռնային Ղարաբաղից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում հանդիպեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Մի քանի ժամ տևած փակ աշխատանքային այցի շրջանակներում քննարկվեցին ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որոնք բարելավվում են: Մեծ ուշադրության է արժանացել նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Սա արտացոլում է Ռուսաստանի նախագահի վերջին ջանքերի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների դիվանագիտական հանդիպման միջնորդը լինելու և նրանց հյուրընկալելու գործում:
Ղազախստանում` Աստանայում տեղի ունեցած Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի շրջանակներում Սերժ Սարգսյանը նույնպես առանձին հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահի հետ: Փաստորեն, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահները Ռուսաստանի նախագահի մոտ փորձեցին հիմնավորել իրենց դիրքերն ու տեսակետները: Հանդիպումներից և ոչ մեկը շատ բան չբացահայտեց, թե ինչ է տեղի ունենում: Դրանք, սակայն, բացահայտեցին այն, որ Ռուսաստանը չափազանց հիասթափված է առաջընթացի բացակայության պատճառով` հատկապես հաշվի առնելով այն, որ Մեդվեդևը ներդնում է իր ջանքերն ու ժամանակը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում բեկում մտցնելու համար: Այնուամենայնիվ, մենք կարող ենք համոզվածությամբ ասել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում դեռևս անհավանական և հեռավոր են թվում որևէ իրական բեկում կամ առաջընթաց, իսկ Ադրբեջանն ավելի հակված է մաքսիմալիստական դիվանագիտական ռազմավարության, քան թե փոխհամաձայնության կամ զիջումների:
Թեպետ դիվանագիտության տեսանկյունից մենք Լեռնային Ղարաբաղի խնդրում շատ բան չպետք է ակնկալենք, սակայն անցած շաբաթ մի հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար գեներալ- լեյտենանտ Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիս տվեց, որտեղ նա բացահայտեց, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի մարտական պատրաստականությունն ու կարողությունը 20 տոկոսով ավելացել են: Դժբախտաբար, այս ասուլիսի ընթացքում պաշտպանության նախարարը հայտնեց չափից շատ մանրամասներ` կապված սպառազինության աճի, Ադրբեջանից եկող հավանական պատերազմը կանխելու և պատերազմի վտանգին դիմակայելու խնդիրների հետ:
Այստեղ, սակայն, ամենահետաքրքիրն այն է, որ, հեռանկարային առումով, պաշտպանության նախարարն իր ասուլիսի վերջում մի շատ էական բան ևս բացահայտեց: Երբ լրագրողը վերջինիս հարց ուղղեց ԼՂ զինված ուժերում բարեփոխումների անհրաժեշտության մասին, այլ կերպ ասած` հայ զինվորների և Ղարաբաղի զինակոչիկների նկատմամբ իրենց սպաների կողմից կատարվող նվաստացումների, ծեծի և բռնությունների խորհրդային սովորույթի մասին, պաշտպանության նախարար Հակոբյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղում զինվորական անձնակազմից 244 հոգու դեմ քրեական գործեր են հարուցվել : Այս 244 հոգու մեջ մտնում են նաև 50 սպաներ, ինչը նշանակում է, որ Ղարաբաղում ծառայություն իրականացնող 50 սպաներ կանգնել են դատարանի առաջ՝ իրենց զինվորներին նվաստացնելու համար: Սա, իրականում, ընդգծում է շատ ավելի լայն և խորը խնդիր ու մարտահրավեր, որին պետք անդրադառնալ առանց հապաղելու՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի զինված ուժերում: Այս խնդիրը երևան է հանում ավելի խորը միտում` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում նվաստացումների և անընդունելի պայմանների ավելացում: Թեպետ որոշ քայլեր արդեն արվել են, սակայն բավարար միջոցներ չեն ձեռնարկվում զինվորական սպաներին պատասխանատվության ենթարկելու համար: Սա ՀՀ և ԼՂ զինված ուժերի համար պատվի և արժանապատվության հարց է: Սա ցույց է տալիս նաև, որ բացասական վարքագիծն ու կարգապահության պակասը արժանի չեն հանդուրժողականության, և որ այս հարցին պետք է անդրադառնալ շատ անկեղծ և պաշտոնական ձևով:
Շարունակելով Լեռնային Ղարաբաղի թեման`նշեմ որ, դրսում օգոստոսն է: Ըստ ավանդույթի` օգոստոսին մենք տեսնում ենք Հայաստան ժամանող որոշ քանակության զբոսաշրջիկներ` հիմնականում հայկական սփյուռքից: Այստեղ հետաքրքրական է նաև, այսպես կոչված՝ օլիմպիական ոճով կազմված «համահայկական խաղերի» բացումը, որոնց նպատակն է իրար մոտեցնել Հայաստանի Հանրապետությունն ու սփյուռքը` որպես հայ ժողովրդի մասեր: Բայց հիմա, երբ սփյուռքը վերադարձավ Հայաստան, եկեք ազնիվ լինենք և անդրադառնանք ՀՀ-ի և սփյուռքի միջև հարաբերություններին և դրանցում պակասող տարրերին: Շատ դեպքերում հայկական սփյուռքն իրենից ներկայացնում է մի շարք տարբեր համայնքերից կազմված ամբողջություն: Այլ կերպ ասած` հայերը որոնք ապրում են Ռուսաստանում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում և Կանադայում ունեն բազմաթիվ կարևոր մշակութային բաժանումներ և տարբերություններ:
Այստեղ կարևոր և էական է նաև այն, որ սփյուռքը` որպես մեկ ամբողջություն, իր բոլոր տարբեր և յուրատեսակ համայնքներով, սկզբունքային բաժանումներ և տարբերություններ ունի նաև Հայաստանի Հանրապետությանից: Մենք պետք է ճանապարհ գտնենք այս տարբերություններն իրար մոտեցնելու և բաժանումները փոքրացնելու համար: Սա կարևոր է այն պատճառով, որ այսօր սփյուռքի և Հայաստանի Հանրապետության միջև գոյություն ունեն անգործունյա հարաբերություններ: Ես խոսում եմ այն մասին, որ երկու կողմերն էլ մերժում են կամ չեն ցանկանում հասկանալ միմյանց իրականությունները: Այլ կերպ ասած`Հայաստան եկող սփյուռքահայերը պետք է հասկանան, որ ասօրվա Հայաստանը միայն Երևանի կենտրոնը, Armenia Marriot-ը կամ «Արմանի» և «Հյուգո Բոս» խանութները չեն:
Հայաստանում կա հարստություն, բայց այդ հարստությունը գտնվում է շատ փոքր և շատ արտոնյալ, հզոր փոքրամասնության ձեռքում: Հարստության և շահույթի անհավասարությունը և դրանց բաժանումները շատ խորն են և ավելի են խորանում: Սա իրականություն է, որի հետ սփյուռքը պետք է առնչվի և հասկանա: Շատ դեպքերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է մի այլ իրականություն, քան «մայրաքաղաք Երևանը» և դրա կենտրոնը: Երևանի արվարձաններից դուրս մենք տեսնում ենք երկրորդ Հայաստան, որտեղ գյուղական աղքատությունը, որոշ դեպքերում էլեկտրականության բացակայությունը և շատ դեպքերում՝ խմելու ջրի բացակայությունը շատ ավելի են խորացնում անհավասարությունը Հայաստանում: Սփյուռքը պետք է հասկանա, որ գոյություն ունի նաև «երկրորդ Հայաստան»` իրատեսորեն ճանաչելով հայկական կյանքում գոյություն ունեցող տարբերությունները և անընդունելի թերությունները: Հայաստանի հասարակությունը այսօր բախվում է խնդիրների հետ, որոնք ոչ միշտ է որ հասկացվում են սփյուռքի կողմից: Այլ կերպ ասած` սփյուռքի համար Ցեղասպանության ճանաչումը ամենակարևոր շարժիչ առաքելությունն է, և իրականում Հայաստանի հարաբերությունները կամ հարաբերությունների բարելավումը Թուրքիայի հետ ևս կարևոր գործոն է:
Բայց Հայաստանում կան այլ կարևոր գործոններ նույնպես, որոնց թվում են ժողովրդավարական հետընթացը, տնտեսական զարգացման հետ կապված խնդիրները և հատկապես Հայաստանի փակ տնտեսական և քաղաքական համակարգը: Բայց կարևոր է հիշել նաև, որ Հայաստանի և սփյուռքի միջև անգործունյա հարաբերությունների խնդրում երկու կողմերն էլ վաստակել են քննադատության իրենց բաժինը: Արդար չի լինի քննադատել միայն սփյուռքը՝ Հայաստանի իրականությունն ու խնդիրները հասկանալ չկարողանալու համար: Մենք նաև պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչ չի անում Հայաստանի կառավարությունը՝ սփյուռքի հետ հարաբերություններում:
Ես խոսում եմ հատկապես այն բանի մասին, որ Հայաստանի իշխանության մեջ շատ մարդիկ նայում են սփյուռքին որպես հարմար, որոշ դեպքերում նաև անհարմար արտաքին խաղացող: Այլ կերպ ասած` Հայաստանի իշխանության մեջ շատերը, հատկապես նրանք, ովքեր ղեկավարում են տնտեսական համակարգը, կգերադասեին, որ սփյուռքը առավելագույնը լիներ կրավորական և լուռ ներդրող: Սփյուռքը իր հերթին պետք է ավելի արդյունավետ մարտհրավերներ նետի և հաշվետու դարձնի Հայաստանի իշխանություններին: Հայաստանի ցանկացած իշխանության պետք է մարտահրավեր նետել՝ երկիրը «կառավարելու» , այլ ոչ թե «ղեկավարելու» առումով, ինչպես նաև բարեփոխումներն ավելի արդյունավետ իրականացնելու և ժողովրդավարական ոգին պահպանելու հարցերում: Բայց մենք տեսնում ենք նաև, որ Հայաստանի իշխանությունները արգելքներ են հարուցում` սփյուռքից Հայաստան տեղափոխվել ցանկացողների կյանքը Հայաստանում դարձնելով դժվար, ինչը մեծապես բարդացնում է սփյուռքահայերի վերադարձը կամ նրանց ակտիվ ներգրավումը Հայաստանի առօրյա կյանքում: Այս իրավիճակին ևս պետք է մարտահրավեր նետել և փոխել:
Հեռանկարային տեսանկյունից, սակայն, տեսնում ենք, որ այս իրադրությունում կա նաև ազգայնականության խնդիր, սակայն սա այն տիպիկ ազգայնականությունը չէ, որ ուղղված է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: Ազգայնականությունից զատ մենք ավելի շատ հայրենասիրության կարիք ունենք: Մեզ պետք է հայրենասիրություն, որպեսզի ավելի հպարտ լինենք Հայաստանի նվաճումներով ու հաջողություններով, լինեն դրանք տնտեսական զարգացման, թե ժողովրդավարության բնագավառներում: Չկա բավարար հայրենասիրություն, սակայն կա չափազանց շատ ազգայնականություն և այս կապակցությամբ մենք պետք է վերականգնենք Հայաստանի Հանրապետության և սփյուռքի միջև եղած անհավասարակշռությունը:
Հիմա անդրադառնանք ներքին խնդիրներին: Հատկապես հաշվի առնելով, որ այս ամսին մեծ թվով սփյուռքահայեր կան այստեղ`Հայաստանում: Նրանք ևս պետք է լավ հասկանան Հայաստանի ներսում եղած մարտահրավերները և տեղի ունեցող զարգացումները` հայկական իրականությունն ավելի լավ ընկալելու և ազնվորեն ու քննադատաբար գնահատելու համար:
Անդրադառնալով ներքին իրավիճակին` ընդհանուր առմամբ մենք մի խնդիր ենք տեսնում, որը կարելի է բնութագրել որպես իշխանության մեծամտություն, անպատժելիության «մշակույթ», երբ Հայաստանի իշխանություններն ավելի հակված են փոքր պատասխանատվությանբ երկիրը «ղեկավարելուն», քան թե «կառավարելուն»: Յուրաքանչյուր երկրում, լինի դա Ռուսաստանը, Ֆրանսիան և նույնիսկ Միացյալ Նահանգները, շատ կառավարություններ իշխանությունը կիրառելու և համակարգը ղեկավարելու առումով փորձում են առավելագույնի հասցնել իրենց իշխանությունը և շահել դրանից: Այդ պետությունները` մասնավորապես Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները, տարբերվում են նրանով, որ այնտեղ կան հակակշիռներ, շահերի առողջ պայքար կառավարության տարբեր ճյուղերի և հասարակության կամ քաղաքացու միջև: Հայաստանի պարագայում կառավարության հաշվետու լինելու և իշխանության խնդրում հակակշիռներն ու զսպումները բավարար չեն: Սա պետք է փոխվի` զարկ տալով ավելի ժողովրդավարական և զարգացած հայ հասարակության կառուցմանը: Սակայն մենք կարող ենք տեսնել իշխանության մեծամտության կոնկրետ օրինակներ:
Վերջերս Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մամուլի ասուլիս ունեցավ, որտեղ պաշտպանեց Երևանի կենտրոնում ոստիկանության մի ջոկատի գործողությունները, որը Հայ ազգային կոնգրեսի մի խումբ երիտասարդ ակտիվիստների հետ բախում ունեցավ և ներգրավվեց միջադեպի մեջ: Դեռևս պարզ չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, բայց մենք կարող ենք քննադատել ոստիկանության ընդհանուր արձագանքը և մատնանշել դա որպես խնդիր: Ընդհանուր առմամբ Հայաստանում ոստիկանությունը հակված է գերարձագանքելուն` կիրառելով կա′մ ֆիզիկական բռնություն, կա′մ ճնշումներ: Այստեղ արդարադատության համակարգը և օրենքի իշխանությունը վտանգված են՝ անկախ դատական համակարգի և ոստիկանության ներսում պատշաճ ընթացակարգի և ղեկավարման բացակայության պատճառներից: Մասնավորապես այս դեպքում մենք տեսնում ենք, որ թեպետ Հայաստանի իշխանությունների և ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի միջև ընթանում է ընդարձակ երկխոսություն, միաժամանակ՝ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների դեմ, որոնցից ոմանք դատից առաջ մի քանի ամսով կալանավորվել են՝ խուլիգանության, ոստիկանին չենթարկվելու մեղադրանքով: Խորհրդային ժառանգություն: Այս դեպքում չկա բավարար թափանցիկություն, և քիչ բան է արվում օրենքի իշխանությունը պահպանելու համար:
Մեկ այլ օրինակ է Երևանի քաղաքապետարանը և քաղաքապետի որոշումը՝ մի շարք առևտրային կրպակներ ապամոնտաժելու մասին: Փաստորեն, փորձ է արվում հեռացնել դրանք և փոխել Երևանի դեմքը` մաքրելով և ապամոնտաժելով անկախ անհատ ձեռներեցների կրպակները` վերջիններիս զրկելով իրենց ապրուստի միջոցներից: Խնդիրը, ոչ թե որոշումն է, այլ այն, թե ինչպես է ընդունվել այդ որոշումը, և ինչպես է այն իրականացվում: Եվ իրականում հետաքրքիրն այն է, որ այս խնդրի շուրջ կառավարության և քաղաքապետարանի միջև անհամաձայնություն կա` թե ինչպես լավագույնս կյանքի կոչել օրենքը և, չոտնահարելով քաղաքացիների իրավունքները, կատարել օրենքի պահանջը:
Հեռանկարային առումով մենք պետք է հիշենք նաև կարևոր մի միտում՝ արտագաղթը: Բազմաթիվ հայերը, ովքեր ստիպված են լքել Հայաստանը՝ դրսում աշխատանք փնտրելու համար: Աշխատատեղերի և, ինչն ավելի կարևոր է, հնարավորությունների բացակայությունը Հայաստանը թուլացնում են ներսից: Սա պետք ընդունվի որպես Հայաստանի ազգային անվտանգության համար ամենամեծ սպառնալիքներից մեկը: Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն և զբաղվեն այս խնդրով ավելի լուրջ և արդյունավետ: Այդ գիտակցումը, դժբախտաբար, դեռևս չկա: Գաղթի կամ արտագաղթի այս խնդիրը, սակայն, ունի հետաքրքիր կողմնակի ազդեցություն: Դա հետևյալն է: Հայաստանը իր չափերով փոքր երկիր է, բնակչության և աշխարհագրության տեսանկյունից չափերով շատ փոքր և շրջափակված մի երկիր:
Սա սովորաբար բացասական միտում է՝ պետական հզորության տեսանկյունից, սակայն այստեղ կա շատ հետաքրքիր դրական տարր: Ունենալով այսպիսի փոքր բնակչություն և աշխարհագրական չափեր` Հայաստանում չեն պահանջվում շատ մարդիկ և շատ ջանքեր՝ իրական երկարաժամկետ և ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար` միայն թե լինի քաղաքական կամք և հնարավորություն: Սա նաև սերնդային խնդիր է. երբ մեծ թվով համալսարանական շրջանավարտներ մուտք են գործում Հայաստանի աշխատաշուկա, նրանք չունեն պատշաճ հնարավորություններ, սակայն ունեն հսկայական ձգտում, ցանկություն և հմտություններ, քանի որ նրանց մեծ մասը տիրապետում է առնվազն երեք լեզվի, ծանոթ է աշխարհին, հասկանում է գլոբալիզացիայի վտանգներն ու հնարավորությունները:
Սակայն առանց հնարավորությունների և Հայաստանում մնալու խթանի շատ քիչ հույս կա այս տաղանդները պահելու համար: Պետք է նշեմ նաև, որ պատմության ընթացքում բազմաթիվ երկրներում մենք տեսել ենք, որ հասարակական փոփոխությունների մեծամասնությունը տեղի է ունենում, երբ ձգտում ունեցող քաղաքացիների մի փոքր խումբ` հավատալով իդեալներին, որոշում են փոխել իրավիճակը դեպի լավը: Սա ոգեշնչման աղբյուր է հանդիսացել և հաջողություն է ունեցել շատ երկրներում, և ինչու ոչ Հայաստանում` հատկապես հաշվի առնելով Հայաստանի փոքր չափերը, երբ չեն պահանջվի շատ ջանքեր երկարաժամկետ փոփոխությունների համար: Ինչևէ, դրա նախապայմաններն են քաղաքական կամքն ու հնարավորությունները:
Արեն հաջորդ շաբաթ մենք մանրամասնորեն քննության կենթարկենք, թե ովքեր են խաղացողները Հայաստանում, ովքեր են քաղաքական հզոր խաղացողները և ովքեր են ֆինանսական ու առևտրային խաղացողները: Մենք շատ խոսեցինք Հայաստանի փակ քաղաքական և տնտեսական համակարգերի մասին, բայց մյուս շաբաթ մենք կվերլուծենք և կգնահատենք, թե ովքեր են այն խաղացողները` որոնք պահպանում են այս քաղաքական և տնտեսական փակ համակարգերը: Եվ ինչպես շատ դեպքերում՝ խնդիրը պետք է լուծել ոչ թե անձնական այլ համակարգային մոտեցումով` գտնելով ճանապարհներ՝ Հայաստանը դեպի լավը փոխելու, ժողովրդավարությունը խորացնելու և երկարաժամկետ հասարակական-տնտեսական զարգացում ապահովելու համար:
Շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս շաբաթ: Կհանդիպենք հաջորդ շաբաթ:









































