Կարսի և Մոսկվայի պայմանագրերը պարտադրված էին Հայաստանին, բայց միաժամանակ իրական են և այսօրվա սահմանները հիմնված են այդ պայմանագրերի վրա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ամերիկաբնակ հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը: «Ոմանք ասում են՝ ինչպե՞ս փոխենք դրանք, բայց ինձ թվում է, որ դա կարելի է անել, եթե այդ ուժն ունենաս: Այսօր Հայաստանն ու հայ ժողովուրդը ուժ չունեն: Թերևս ապագայում, եթե կարողանանք համոզել միջազգային հանրությանը, որ մենք արդար ենք, բայց դա շատ դժվար է: Համենայնդեպս, դա Թուրքիայի համար մեծ հաղթանակ էր, Սովետական Ռուսաստանի միամտությունն էր, քանի որ այնքան մեծ կարևորություն տվեցին Թուրքիայի այն հավակնությանը, որ իրենք կարող են ամբողջ իսլամական աշխարհը ոտքի հանել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի գաղութատիրականության դեմ, որ Լենինն ու Ստալինը համոզվեցին ու շատ կարևորեցին Թուրքիայի հետ բարեկամությունը: Մուստաֆա Քեմալը ճարպիկ դիվանագետ էր, ինչը, դժբախտաբար, Հայաստանը չի ունեցել»,-ասաց նա: