Հայաստանի արտաքին գերատեսչությունում հրավիրված ասուլիսի ժամանակ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտարարել է, որ կա մեծ հնարավորություն ընդլայնելու Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքները և ներդրումները։
Նա նշել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել են հետաքրքրությունը, որը դրսևորել է Հայաստանը Չաբահար նավահանգստի օգտագործմանը Իրանում։
«Առաջարկեցինք, որպեսզի Չաբահար նավահանգիստն օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց», -ընդգծել է Սուբրամանյամ Ջայշանկարը:
Իրանահայ քաղաքական մեկնաբան, Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանի կարծիքով՝ Հնդկաստանի արտգործնախարարի այցը Հայաստան շատ կարևոր է․«Վերջերս և՛ Իրանի արտգործնախարարը և՛ Իրանի ճանապարհների ու կապի նախարարը խոսեցին այն մասին, որ Իրանը ձգտում է օգտագործել Իրան-Վրաստան, Իրան-Սև ծով ու Հայաստանի տրանզիտային գիծը։ Բնականաբար նրանք կուզեն աշխուժացնել այդ գիծ։ Մեկ տարի առաջ Հնդկաստանի դեսպանն ու նախարարները խոսեցին այն մասին, որ պետք է գծվի Հնդկաստան-Չաբահար ծովային գծի, որից հետո Իրանը դուրս է գալիս Չաբահարից դեպի հյուսիս՝ Հայաստան, Վրաստան ու Եվրոպա։ Իրանը կարևորում է իր այլընտրանքային ճանապարհը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Քեշիշյանն ընդգծեց՝ իրանական բեռնատարների ու վարորդների հետ կապված միջադեպերը Իրանին ստիպել են մտածել այլ ճանապարհների մասին․«Ըստ երևույթին Իրանն ուզում է, որ այդ գիծն ավելի աշխույժ աշխատի, իր ընդհանուր ծրագրեր մեջ մատնանշվի որպես կարևոր մի ճանապարհ։ Դրա համար էլ այդ ուղղությամբ աշխատանք է իրականացվում»։
Մեր զրուցակիցը համարում է, որ այս փուլում Հայաստանի ու Հնդկաստանի շահերը համընկնում են․«Վերջին հաշվով Հնդկաստանն արդեն իսկ համարվում է Հայաստանի հետ բարեկամ երկիր՝ դեռ անկախությունից հետո։ Իրան-Հայաստանն հարաբերություններն էլ պատմական անցյալ ունեն։ Եվ այսօր այդ կապերը՝ տնտեսական, ճանապարհների ու այլ հարցերի շուրջ էլ ավելի են աշխուժացնում բարեկամ երկրների հարաբերությունները։ Մեծ հաշվով՝ Հայաստանն ու Իրանն այս փուլում ունեն ընդհանուր շահեր։ Ոչ միայն Իրան-Հայաստան, այլ Իրան-Հայաստան-Հնդկաստան եռակողմ ընդհանուր շահեր կան, որոնցից չօգտվելը ես սխալ եմ համարում»,-եզրափակեց նա։












































