CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած Օսմանիյեի նահանգում միմյանց են բախվել անվտանգության ուժերն ու Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները։ Բախման արդյունքում զոհվել ու վիրավորվել են մեկական թուրք զինծառայողներ։
Ժանդարմերիայի 21-ամյա զինծառայող Էր Ռըֆքը Դամարը տեղում զոհվել է։ Վիրավոր զինծառայողը փոխադրվել է Օսմանիյեի պետական հիվանդանոց։ Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում PKK-ն Թուրքիայում զգալիորեն ուժեղացրել է իր գործունեությունը՝ Թուրքիայի զինված ուժերին պատճառելով տասնյակ կորուստներ։ Թուրքիայի վարչապետ Էրդողանին հատկապես զայրացրել է այն, որ PKK-ի այս ակտիվացումը համընկել է մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսին, որի ավարտից հետո Էրդողանը խոստացել է խիստ միջոցառումներ ձեռնարկել։
Թուրքիայի զինված ուժերում խոշոր կորուստների առկայությունը պայմանավորված է նրանով, որ մի քանի ամիս զինծառայության մեջ գտնվող թուրք զինծառայողն ի վիճակի չի լինում լուրջ պայքար մղել արդեն մի քանի տարի լեռնային շրջաններում պատերազմական փորձ ունեցող PKK-ի զինյալի դեմ։ Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ թուրք մայրերն ընդվզեն Էրդողանի դեմ՝ իրենց զավակներին չուղարկելով PKK-ի դեմ պատերազմին։










































