Էստոնիայի պաշտպանության նախարար Մարտ Լաարը գտնում է, որ ռազմական գերատեսչության շենքի վրա հարձակում գործած անձը գտնվում էր ռուսական պրոպագանդայի ազդեցության տակ` հաղորդում է Интерфакс-ը:
«Բալթյան երկրների անկախության վերականգնման 20 տարիների ընթացքում Ռուսաստանի հայտարարությունները շատ քիչ են փոխվել: Ինչպես վկայում են վերջին իրադարձությունները` բազմիցս կրկնելով սուտը` կարելի է գոնե մեկ դժբախտ մարդ գտնել, որը դրան կհավատա և կփորձի արմատական կերպով պատասխան տալ», – ասել է Լաարը Շվեդիայում իր ելույթի ժամանակ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Էստոնիայի բնակիչ Կարեն Դրամբյանը գրավել էր երկրի պաշտպանության նախարարության շենքը և միայն մեկուկես ժամ անց հատուկ ստորաբաժանման ջոկատը գրոհ ձեռնարկեց շենքի վրա, որի ընթացքում Դրամբյանը զոհվեց: Ըստ որոշ տվյալների` նա ինքնասպանություն էր գործել:









































