Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՀԱԿ ակտիվիստների ձերբակալությունը կարող է ազդել ՀԱԿ-իշխանություն երկխոսության ընթացքի վրա:
Նա նշեց, որ եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ երիտասարդների կողմից ինչ-որ սխալ արարք է թույլ տրվել, ապա երկխոսության գործընթացի ժամանակ երիտասարդներին կալանքի ենթարկելու որոշման ընդունումն անթույլատրելի էր. «Լինելով իրավաբան՝ ես կարծում եմ, որ նման քաղաքական գործընթացի ժամանակ հնարավոր էր վերցնել չբացակայելու մասին գրություն և կալանք չկիրառել: Իսկ այն, որ ռիժիմը գնաց այդ քայլին, նշանակում է, որ նրանք նորից ցույց են տալիս իրենց դեմքը, ինչպես 2008 թ. մարտի 1-ին: Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, տվել ենք իրավական, քաղաքական, բարոյական գնահատկաններ, որ այս ռեժիմը հանցավոր է և կգնա ցանկացած քայլի»:
Մարգարյանը նշեց, որ ինքը դեռևս սկզբում է ասել, որ այս իշխանությունը պատրաստ չէ երկխոսության և երկխոսության միջոցով փորձելու է պարզապես ժամանակ շահել և հասցնել խորհրդարանական ընտրություններին. «Սա անընդունելի է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի սեպտեմբերին պահանջենք Սերժ Սարգսյանի հրաժարականն ու գնանք արտահերթ ընտրությունների»:









































