
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից, հանդիպման ժամանակ Սիմոնյանը նշել է, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:
Նա դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովում ձեւավորվել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը, իսկ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի ԱԺ պատվիրակությունը ձեւավորման փուլում է:
Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության համար (2,6 մլրդ եվրո)՝ շեշտելով, որ այն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների:
ԵՄ դեսպանն իր խոսքում մեծապես կարեւորել է 2021 թվականի՝ արդար եւ ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունները: Նա վերահաստատել է ԵՄ շարունակական աջակցությունը հայաստանյան ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:
Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին՝ երկուստեք փաստելով, որ հարցի կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս համատեքստում քննարկվել են տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման հարցերը: Անդրադարձ է եղել ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին: