Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղում «Ռեալ»-ը չնայած բացահայտ առավելությանը, չկարողացավ հաղթել «Բարսելոնա»-ին:
Հանդիպման հենց սկզբից մադրիդցիները խելահեղ տեմպ հաղորդեցին խաղին, ինչին «Բարսելոնա»-ն պատրաստ չէր: Արդեն 11-րդ րոպեին Բենզեման հրաշալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Օզիլին, ով գնդակը Վալդեսի կողքով ուղարկեց դարպասը: Գոլից հետո խաղի պատկերը նույնպես չփոխվեց. «Ռեալ»-ը շարունակում էր ճնշումը և զրկել էր կատալոնացիներին գնդակից:
«Բարսելոնա»-ն անճանաչելի էր: Մեսսի, Վիլյա, Սանչես եռյակը ոչինչ չէր կարողանում ձեռնարկել: Կասիլյասի դարպասի ուղղությամբ առաջին հարվածը գրանցվեց 35-րդ րոպեին և այն հաջողություն բերեց «Բարսելոնա»-ին: Վիլյան ձախ եզրում ստացավ գնդակը մի փոքր կենտրոն տեղափոխվեց և մրցակցի պաշտպանի ոտքի տակից ֆենոմենալ հարվածով հավասարեցրեց հաշիվը: Այդուհետ Մոուրինյոյի սաներն էլ ավելի մեծացրին ճնշումը, սակայն գնդակը համառորեն չէր հայտնվում Վալդեսի պաշտպանած դարպասում:
Առաջին խաղակեսի ավարտից 1 րոպե առաջ կատալոնացիները երկրորդ հարվածը կատարեցին Կասիլիասի դարպասի ուղղությամբ և այն նույնպես ավարտվեց գոլով. Մեսսին միայնակ ճեղքեց մադրիդցիների պաշտպանությունն ու անկասելի հարված կատարեց:
Երկրորդ խաղակեսի սկիզբն անցավ Գվարդիոլայի սաների առավելությամբ, սակայն ընդամենը 10 րոպե «Բարսելոնա»-ն ցուցադրեց իր խաղը: Թվում էր` «Ռեալ»-ը կարող է չվերականգնվել ընդունած գոլից հետո, սակայն 55-րդ րոպեին Ալոնսոյի կատարած հարվածը զարմանալիորեն անցավ բազմաթիվ պաշտպանների ոտքերի արանքով ու հայտնվեց Վալդեսի դարպասում` 2:2:
Հանդիպման մնացած հատվածը կրկին անցավ «Ռեալ»-ի բացահայտ առավելությամբ: Չի կարելի ասել «Բարսելոնա»-ն ոչինչ չստեղծեց, սակայն հաջողությանն ավելի մոտ էին մադրիդցիները: Ինչևէ, նոր գոլեր չգրանցվեցին:
Խաղը կարող է երկու թիմերին էլ բավարարել. «Ռեալ»-ը ցուցադրեց, որ ի վիճակի է հաղթել կատալոնացիներին, իսկ «Բարսելոնա»-ն տուն է վերադառնում մրցակցի հարկի տակ խփած երկու գոլով: 3 օր անց «Նոու Կամպ»-ում կայանալիք պատասխան հանդիպումը խոստանում է լինել ոչ պակաս հետաքրքիր ու դիտարժան:









































