Այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գինու արտադրության ծավալներն աճել են 44.6 տոկոսով, իսկ կոնյակինը՝ 15․1 տոկոսով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ արտադրվել է 21 մլն 516.6 հազար լիտր կոնյակ և 7 մլն 064.8 հազար լիտր գինի։ Օղու արտադրության ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 20․1 տոկոսով։ Սպիրտային այլ խմիչքների արտադրությունն աճել է 2.4 անգամ։
Ինչով է պայմանավորված նման աննախադեպ աճը, որքան այն կարող է շարունակվել և ինչ ազդեցություն կունենա շուկայի վրա: Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Գինու ազգային կենտրոնի» նախագահ և «Մարան» ընկերության հիմնադիր Ավագ Հարությունյանի հետ, ով նշեց, որ աճը պայմանավորված է կոնյակի շուկայում գների անկումով. «Եթե համեմատում ենք միավոր վաճառքի գինը, կամ ստացած հասույթը, կտեսնենք, որ աճը այդքան մեծ չի: Ուղղակի մերոնք իջեցրել են գները, որովհետև նախորդ տարի աննախադեպ բերք էր, միաժամանակ կովիդ ու պատերազմ, դրա համար օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով գների անկում է հիմա: Դա իր հերթին բերում է նրան, որ կոնյակի խաղողի շուկան հիմա գահավիժում է: Այսինքն մենք ունենք շատ մեծ գնանկում:
Իսկ գինու արտադրության վրա ուշադրություն մի դարձրեք, որովհետև գինու արտադրության թվերը պետք է նայել տարվա կտրվածքով, քանի որ արտադրում են միայն մեկ անգամ՝ աշնանը, որը պատրաստ է լինելու եկող ձմռանը: Պետք է նայել գինու վաճառքը, և կտեսնենք, որ արտահանման մեջ ունենք շուրջ 30 տոկոսի աճ»:
Ավագ Հարությունյանը նկատեց, որ շուկայում այդ գնանկումը հանգեցնելու է սոցիալական լարումներ գյուղացիների մոտ, գների իջեցում արտադրողների մոտ:
Այդ ամենի մեջ միակ դրական բանն այն է, որ գինու արտադրությունն աճում է ու դեռ կաճի: Դա լավ ցուցանիշ է: Ոչ ոք չի կարող ասել, թե որքան կաճի, արտահանումն աճում է, որովհետև մենք դիվերսիֆիկացնում ենք մեր շուկան և բերքի ու արտադրանքի մի մասը կոնյակից ուղղում գինեգործական սեկտոր»:
Հարցին, թե այս ոլորտում ամեն տարի կրկնվող սոցիալական խնդրին ինչ լուծում պետք է տրվի, «Գինու ազգային կենտրոնի» նախագահն ասաց. «Դա մեկ օրվա խնդիր չի, տասնյակ տարիների խնդիր է, գլոբալ լուծում է պահանջում: Ոչ մի կառավարություն, թե երեկ, թե այսօր, ի վիճակի չեն կամ ռիսկ չեն անում այդ խնդիրը լուծել: Դա համարյա անլուծելի խնդիր է: Չեն ուզում կորցնել գյուղացուն, չեն ուզում կորցնել բերքը: Այդպես չի լինում: Կամ մեկը պետք է կորցնել, կամ մյուսը»:










































