Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի՝ Մոսկվայում կայացած հանդիպմանը հատուկ ընդգծվել է Անդրկովկասում խաղաղության հաստատման կարևորությունը:
Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ մանրամասն դիտարկել են նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ համաձայնագրի դրույթների իրականացման ընթացքը. «Պայմանավորվել ենք չթուլացնել Երևանին ու Բաքվին փոխադարձ գրգռող գործոնների վերացման նկատմամբ ուշադրությունը՝ այդ թվում հայ գերիների ազատ արձակում, ականազերծման քարտեզների փոխանցում: Հաստատել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեության անհրաժեշտությունը»,-նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Լավրովը նաև ասել է, որ երկարաժամկետ կարգավորում հնարավոր է միայն դելիմիտացիայի ու դեմարկացիայի դեպքում:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ այնպես չէ, որ կողմերից որևէ մեկը դեմ է դեմարկացիային ու դելիմիտացիային. «Պարզապես թե՛ Հայաստանը ու թե՛ Ադրբեջանը դրա համար իրենց պատկերացրած պայմաններն են առաջ քաշում: Ըստ էության Ռուսաստանը հիմա փորձում է հասկանալ, թե ինչպես է հնարավոր համաձայնեցնել այդ պայմաններն ու գտնել փոխզիջում: Թե որքանով Ռուսաստանը կարող է ստանձնել այդ դերը ու գործընթացում լինել ազդեցիկ՝ այլ հարց է: Առայժմ չի երևում, որ Ռուսաստանի ջանքերը որևէ արդյունք են տալիս: Կապրենք,կտեսնենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:
Նավասարդյանն ընդգծեց՝այսօր Ռուսաստանը Հարավային Կովկասում չունի այն առավելությունը, որն ուներ տարիներ առաջ. «Այսօր միանշանակ՝ անկայունությունն ու առկախված հարցերը ավելի ձեռնտու են Թուրքիային, որը դեռ նպատակներ ունի էլ ավելի պնդացնել իր դիրքն այստեղ: Ռուսաստանը, գոնե այս փուլում, ավելի շահագրգռված կլիներ կայունացնել իրավիճակը,որպեսզի չլինի իր կողմից նոր ջանքերի գործադրման անհրաժեշտություն: Այդ առումով, կարծում եմ, Լավրովի հայտարարությունները անկեղծ էին»:
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց՝ խնդիրն այն է, արդյոք Ռուսաստանն ունի հնարավորություն հասնել կայունացման այն տարբերակին, որն իրեն ձեռնտու է:
Խոսելով՝ Լավրովի՝ գերիների վերաբերյալ հայտարարության մասին, Նավասարդյանը նշեց. «Դա ես կդիտարկեի այն համատեքստում, որ Ադրբեջանից պարբերաբար դժգոհություններ են հնչում Ռուսաստանի դերի հետ կապված:Արդեն մի քանի շաբաթ է, որ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը դադարել է անուշադրության մատնել այդ բավականին ագրեսիվ հայտարարությունները ու փորձում է պատասխանել՝ Բաքվին կարգի բերելու համար: Թե ինչքանով դա կհաջողվի՝ կտեսնենք առաջիկայում»,-եզրափակեց նա:











































