Վերջին օրերի, շաբաթների, ամիսների իրադարձությունները շարունակեցին վեր հանել Հայաստանում առկա բազմաթիվ ախտանիշներ, որոնց մի մասը պատճառ են դարձել երկրի ներկայիս մոխրագույն և գորշ իրականության, անօրինականությունների և դաժանությունների ցինիկ շքերթի, իսկ որոշ մասն էլ այդ շքերթի հետևանք է:
Բայց դրսևորված պատճառների և հետևանքների մեջ ամենից մտահոգիչը կարծես թե դառնում է պատճառահետևանքը` հասարակության անտարբերությունը: Դա մեղադրանք չէ` ուղղված քաղաքացիներին: Պարզապես ամրագրում ենք փաստը, որ հասարակությունը դարձել է անտարբեր կամ վերադարձել է անտարբերության, իսկ գուցե եղել է և կա անտարբեր, ինչի համար էլ երկրում եղել է ու կա անօրինականությունների, անմարդկայնությունների, անարդարությունների միջավայրն ու մթնոլորտը:
Թե ի՞նչն է այդ անտարբերության պատճառը, ինչի՞ց է այն առաջացել, ծնվել, սնուցվել և խոշորացել` թերևս քննարկման կարիք ունի: Լուրջ և մանրակրկիտ, բազմակողմանի քննարկման: Բայց կարծես թե ավելի ու ավելի ենք համոզվում, որ քանի դեռ հասարակությունը գտնվում է այդ վիճակում և չի գտնվել նրան, մեծ հաշվով, այդ վիճակից հանելու բանալին, Հայաստանում իրավիճակ փոխելը լինելու է դժվար, շատ դժվար գործ, և միակ կայուն բանը, որ ուղեկցելու է այդ գործին, դա կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ անհաջողությունների համար մեղավորներ որոնելու հավերժական ձեռնարկներն են:
Մինչդեռ Հայաստանում հասարակությունն այլևս չի զարմանում ո՛չ ընտրակեղծիքից, ո՛չ անօրինականությունից, ո՛չ գիլյոտինի վերածված արդարադատության համակարգից: Մարդիկ ամեն ինչ տանում են հանգիստ, գլուխ են թափ տալիս մայթեզրին կանգնած ու շարունակում են փնտրել: Եվ փնտրել ոչ թե հանապազօրյա հացը, այլ պարզապես փնտրել անտարբերության վաղվա պաշարը: Դա, իհարկե, չի վերաբերում բոլորին: Բարեբախտաբար, կան հազարավորներ, որոնք պատրաստ են ամենաաննշան անօրինականության դեմ անգամ կանգնել անձամբ, առանց վախենալու, առանց երկմտելու, առանց «վաղվա օրվա» մասին մտածելու:
Բայց պրագմատիզմը ստիպում է ընդունել, որ այդ հազարավորները քիչ են: Նրանք կորիզն են, բայց պտղի համար կորիզը բավական չէ: Այն կարևոր, բայց ոչ բավարար պայման է: Բայց բավարար չէ նաև առկա անտարբերությունը ֆիքսելն ու դրանից դժգոհելը կամ դրա համար հասարակությանը մեղադրելը: Հասարակությունն, ի վերջո, արդյունք է, արդյունք է քաղաքական գործընթացների: Իսկ քաղաքական գործընթացները արդյունք են քաղաքական ուժերի կենսունակության: Հետևաբար, ելքը պետք է որոնվի այդ տիրույթում, բայց պետք է հստակ ամրագրել, թե ինչից ելքն ենք որոնում: Անտարբերությունից:











































