Անհայտ անձանց կողմից Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ուկրաինական ինքնաթիռի առևանգման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին երեքշաբթի՝ օգոստոսի 24 -ին, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն:
«Քաբուլում կամ այլուր առևանգված ուկրաինական ինքնաթիռներ չկան: «Առևանգված ինքնաթիռի» մասին տեղեկատվությունը, որը տարածում են որոշ լրատվամիջոցներ, չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է նա «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին:
Նրա խոսքով՝ Աֆղանստանից տարհանման համար ներգրավված ինքնաթիռներն ապահով վերադարձել են Ուկրաինա: Ընդհանուր առմամբ նրանք կատարել են երեք չվերթ՝ տարհանելով 256 մարդու:
Նիկոլենկոն հավելել է, որ Քաբուլի օդանավակայանում իրավիճակը «մոտ է քաոսին», շատերը ինչ -որ հնարավորություն են փնտրում Աֆղանստանից հեռանալու համար:
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Եվգենի Ենինը հայտարարել էր Քաբուլում ինքնաթիռի առևանգման մասին: Նրա խոսքով՝ ինքնաթիռն ուկրաինացիներին տարհանելու փոխարեն մեկնել է Իրան:










































