Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում շարունակվում են Balyoz («Կռան») ռազմական հեղաշրջման գործի շրջանակներում թուրք բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունները։ Ստամբուլի13-րդ ծանր հանցավորությունների դատարանը հարցաքննել է 9 կասկածյալի և որոշում ընդունել նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։
Ձերբակալված 7 պետծառայողներից մեկը քաղաքացիական անձ է, իսկ մնացած 6-ը՝ գնդապետներ։ Երկու սերժանտներն ազատ են արձակվել։
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 20-ին թուրքական Taraf թերթը հրապարակեց 2003 թվականին կազմված ռազմական հեղաշրջման պլանի մանրամասների վերաբերյալ մի հոդված: Զինվորականները դժգոհ էին մնացել 2002 թվականի նոյեմբերյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, որոնցում վստահ հաղթանակ էր տարել կրոնական ու իսլամիստական կողմնորոշմամբ հայտնի Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ):
Այդ պլանը ստացել էր Balyoz («Կռան») անվանումը: Այն մշակվել էր 2002-2003 թվականներին և հավանության էր արժանացել զինված ուժերի 162 սպաների, այդ թվում նաև 29 գեներալների հանդիպման ժամանակ:
Դրա համաձայն՝ նախատեսված էր երկրում հայտարարել արտակարգ դրություն և քաոսի ու բռնության մթնոլորտի ստեղծման ճանապարհով հեղաշրջման կազմակերպման համար համապատասխան հիմք ստեղծել: Դավադիրների կարծիքով՝ քաոսային իրավիճակի ստեղծումը և բազմաթիվ զոհերը, ուղիղ հեռարձակման հետ մեկտեղ, անհրաժեշտ էֆեկտ էին ապահովելու իրենց նպատակին հասնելու համար:
Թուրքական մի շարք փորձագետներ կարծում են, որ 2003 թվականին կարող էր տեղի ունենալ Թուրքիայի Հանրապետության ողջ պատմության մեջ ամենաարյունալի հեղաշրջումը:












































