«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը

-Տիկին Ստեփանյան, Նիկոլ Փաշինյանը ոլորտի մասնագետների հետ քննարկել է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը, կանխարգելիչ միջոցառումները։ Վարչապետը նշել է, որ նախորդ շաբաթ, դրան նախորդած շաբաթվա համեմատությամբ, նոր տիպի կորոնավիրուսի նոր դեպքերի մոտավորապես 35 տոկոսի չափով աճ ենք ունեցել, և ակնհայտ է, որ աճի դինամիկա ունենք։ Արդյոք համաճարակայի՞ն է իրավիճակը, և 5-6 տոկոս տարածումը մտահոգի՞չ է։
-Այո՛, 5-6 տոկոսն արդեն մտահոգիչ է, և շատ ցանկալի կլինի, որ բնակչությունը հետևի դիմակներ կրելուն, հատկապես փակ տարածքներում։ Իհարկե, բոլորս արդեն հոգնել ենք այդ խորհուրդներից, բայց, ցավոք սրտի, անխուսափելի է։ Վարակը շարունակվում է ինտենսիվ տարածվել և ավելի ծանր դեպքեր արձանագրել երիտասարդների շրջանում։
-Այսինքն՝ բրիտանական «դելտա» շտամը երիտասարդների շրջանում է արագ տարածվո՞ւմ։
-Այո՛, վարակի երիտասարդացման միտում է նկատվում «դելտա» շտամի հետ կապված։ Այն ավելի ինտենսիվ է տարածվում, և եթե նախկինում երիտասարդներն աննախտանիշ կամ թեթև էին տանում, ապա հիմա ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բավականին մեծ է երիտասարդ բնակչության քանակը։
-Այնուամենայնիվ, Հայաստանում պատվաստվածների թիվը 6 տոկոսի է է հասնում՝ մնալով տարածաշրջանում վերջին տեղում։ Ի՞նչ է պատճառը, որ թեև պատվաստանյութի խնդիր չկա, բայց հասարակությունը չի շտապում պատվաստվել։
-Պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ։ Օբյեկտիվ պատճառներից է այն, որ որոշակի թերահավատությունը կապված է պատվաստանյութի՝ շատ արագ ստեղծման հետ։ Մարդիկ նշում են, որ կարճ է այն ժամանակահատվածը, որն անցել է պատվաստանյութը ներդրումից հետո, դրա հետագա ազդեցության մասին տվյալները դեռևս բավարար չեն և այլն։ Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներում բուժանձնակազմի 90 տոկոսից ավելին արդեն պատվաստված է, սա մեզ առիթ է տալիս մտածելու, որ եթե մարդիկ, որոնք ավելի մոտ են կանգնած և ավելի տեղեկացված են պատվաստանյութերի արդյունավետությունից, իրենք իրենց մաշկի վրա փորձում են, ուրեմն կարելի է դրան ավելի վստահորեն մոտենալ, հատկապես, որ մենք արտակարգ իրավիճակում ենք, երբ ցանկացած լույսի նշույլ ելք է ստեղծված իրավիճակում։
-Հոկտեմբերի 1-ից նոր պահանջներ կներդրվեն տնտեսվարողների համար, դիմակ կրելը փակ տարածքներում կխստացվի։ Արդյոք կողմ եք խստացմա՞նը՝ հաշվի առնելով այն, որ նշվում է՝ վիրուսն արդեն մուտացվում է։
-Մենք արդեն պետք է սովորենք կովիդի հետ ապրելուն, պարզապես պետք է ամեն ինչ անենք, որ նվազագույն զոհերով դուրս գանք այս իրավիճակից։ Սա է մեր նպատակը։ Իսկ նվազագույն զոհերով դուրս գալու տարբերակը առողջապահության ծանրաբեռնվածությունը նվազեցնելն է, այսինքն՝ բուժօգնությունը հասանելի պահելը։ Դրա համար մենք պետք է ունենանք կայուն մակարդակ, որպեսզի մեր բուժհաստատությունները չլինեն գերծանրաբեռնված։ Առանց այն էլ բժիշկներն արդեն սպառվում են և՛ իրենց ներուժով, և՛ հուզական մարման համախտանիշով, որը մեր բուժանձնակազմի մոտ զարգանում է՝ կապված և՛ պատերազմի ժամանակ լարվածության, և՛ կովիդյան մեկուկես տարվա հետ։ Այնպես որ, որքան թողնեն, որ բուժանձնակազմը վերականգնվի, որ հասցնի բուժօգնություն հասցնել բնակչությանը, այնքան մենք քիչ զոհերով դուրս կգանք իրավիճակից։ Բացի այդ, պետք է մաքսիմալ շատացնել պատվաստումները, որ անգամ հիվանդանալու դեպքում հիվանդությունը թեթև ընթանա։
-Հարևան Վրաստանում օրական մոտ 60 մահվան դեպք է գրանցվում կորոնավիրուսից։ Հիմա, երբ Վրաստանի հետ սահմանները բաց են, արդյոք մեզ համար վտանգներ չկա՞ն արագ տարածման համար։
-Կարծում եմ՝ այո՛, որովհետև մենք արդեն ինտենսիվ բարձրացման ենք գնում, և կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է մտածել հակահամաճարակային պայմանների վերադարձի մասին և ավելացնել պատվաստումները։ Եվ որքան շուտ մենք դա գիտակցենք, այնքան մեզ մոտ հիվանդացությունը ավելի քիչ պիկով կընթանա։
-Ստացվում է՝ «դելտա» շտամը ավելի շատ երիտասարդների՞ն է սպառնում։
–Սա չի նշանակում, որ ավելի տարեցները պաշտպանված են, բայց կրկնեմ, որ եթե նախկինում երիտասարդների մոտ թեթև էր ընթանում հիվանդությունը, հիմա նրանց մոտ ևս ընթանում է ծանր։ Եվ կա ևս մեկ միտում՝ «դելտա» շտամը բավականին ծանր են տանում երեխաները, ինտենսիվ թերապիայի կարիք է լինում երեխաների, հղիների մոտ, ինչը նախկինում մենք չէինք արձանագրում։ Հղիության հետ կապված լինում են ավելի վաղաժամ ծննդաբերություններ, հղի կնոջ մոտ կեսարյան հատման հավանականությունն ավելի է մեծանում։ Այսինքն՝ բարդությունները դառնում են հանրային առողջության առումով մեծ վտանգ, այն առումով, որ խոցելի են դառնում առավել աշխատունակ խմբերը, որոնք նախկինում քիչ թե շատ պաշտպանված էին։
-Պատվաստվելը մնում է այս համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ գործի՞քը։
-Միանշանակ այո՛, որովհետև եթե ունես վիրուսի վրա ազդելու սպեցիֆիկ եղանակ, իհարկե դա մի քանի անգամ ավելի արդյունավետ է, քան դիմակը, կամ սոցիալական հեռավորությունը, որի մասին մենք խոսում էինք մեկ տարի առաջ։
-Առողջապահական համակարգում այս տեմպերի պահպանման դեպքում «պայթյուն» կլինի։
-Եթե այս տեմպերով շարունակենք, հնարավոր է ունենանք այդ պայթյունը, դրա համար որքան ավելացնենք պատվաստումները և սահմանափակենք շփումները, այնքան կթեթևացնենք առողջապահական բեռը։
Լուսանկարը՝ Photolure-ի








































