Խաղողի բերքն այս տարի ավելի բարձր է լինելու, քան անցած տարի: «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման հավաստիացում արեց խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի մասնագետ Դերենիկ Սաֆարյանը: Նրա խոսքով՝ եթե վնասներ չլինեին, անցած տարվանից կարող էր 20-30%-ով ավելի բերք լինել, բայց մինչև հունիսի կեսը տեղացած անձրևների հետևանքով սնկային միլդիում հիվանդությունը զարգացավ, հունիսի 10-12-ից հետո էլ տևական երաշտ եղավ: Թեև ջրի հարցը կարգավորեցին, բայց երաշտն արդեն ազդել էր պտղամսի վրա:
Դ. Սաֆարյանի խոսքով, կարկտահարությունը լուրջ վնաս է հասցրել Հոկտեմբերյանի և Բաղրամյանի շրջանի տնտեսություններին: 13 տնտեսություններում խաղողի այգիները բավական ծեծված էին կարկտից, որոշ տրածքներում վազերի վրա բերք չէր մնացել: Ուժեղ կարկտահարված տեղերում խոր էտ է կազմակերպվել:
«Ամեն դեպքում, այս տարի բավական լավ բերքի տարի է: Դեռ դժվար է ասել, թե նախորդ տարվանից ինչքան է ավելի բեքը, բայց հաստատ շատ ավելի կլիներ, եթե վնասները չլինեին»,- շեշտեց Դ. Սաֆարյանը:
Դ. Սաֆարյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի պտղատուների ավելի շատ բերք ունենք, քան անցած տարի: Ըստ նրա՝ բավական դեղձ ու սալոր կա, նախալեռնային գոտում խնձորն է շատ: Հարցին, թե խնձորը բավարար քանակությամբ կլինի՞, որ ազդի նաև շուկայի գների վրա, Դ. Սաֆարյանը պատասխանեց. «Գինն արդեն ոչ այնքան բերքի քանակից, առաջարկից է կախված, որքան քմահաճ վերավաճառողներից, որոնց ձեռքը բռնող չկա»:










































