Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանիի ինքնաթիռը չի մտել Տաջիկստանի օդային տարածք և վայրէջք չի կատարել երկրի տարածքում: «РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Տաջիկստանի ԱԳՆ-ն:
«Պետք է նաև նշել, որ տաջիկական կողմը համապատասխան դիմում չի ստացել աֆղանական կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:
Ղանին հրաժարական է տվել և լքել Աֆղանստանն այն ժամանակ, երբ «Թալիբան» արմատական շարժման զինյալները մտել են Քաբուլ: Նա հայտարարել է, որ այս կերպ փորձել է կանխել արյունահեղությունը:
Ավելի վաղ The New York Times- ը, վկայակոչելով Դոհայի բանակցություններում աֆղանական պատվիրակության անանուն անդամին, հայտնել էր, որ Ղանին կնոջ և երկու խորհրդականների հետ մեկնել է Տաշքենդ: Այս մասին կատարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին հայտնել է նաև նրա թիկնապահը: Ընդ որում, Ուզբեկստանում Աֆղանստանի դեսպանատունը նման տեղեկատվություն չունի:
Ղազախստանի արտաքին գերատեսչությունը նույնպես հայտնել է, որ Ղանիի ինքնաթիռն այնտեղ վայրէջք չի կատարել: