Կամչատկայում Ми-8 ուղղաթիռի կործանման նախնական պատճառն անձնակազմի սխալն է, փոխանցում է Известия պարբերականը:
«Այս պահին հիմնական վարկածն օդաչուի սխալն է: Թանձր մառախուղի պայմաններում, երբ ուղղաթիռը սկսել է իջնել, անձնակազմը, գուցե սխալմամբ, չի հասկացել, թե որտեղ է վայրէջք կատարում, և ըստ էության, իջել է ջրի մակերևույթի վրա», – հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Նրա խոսքով, ողջ են մնացել նրանք, ովքեր կարողացել են անմիջապես կողմնորոշվել և մինչև 10 մետր խորությունից դուրս լողալ: Նախնական տվյալների համաձայն՝ տեխնիկայի աշխատանքի խափանումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ վթարի պատճառ կարող էին լինել օդաչուի սխալը և տեխնիկական անսարքությունը:
Հիշեցնենք՝ ուղղաթիռում եղել է 16 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 3 անդամ և 13 ուղևոր: Ուղևորներից վեցին և անձնակազմի 2 անդամի հաջողվել է դուրս գալ ուղղաթիռից և լողալ լճի մակերևույթ, որտեղ նրանց օգնության են հասել արգելոցի աշխատակիցները: Ուղղաթիռի անձնակազմի հրամանատարը և 7 ուղևորները, այդ թվում՝ 1 երեխա, մահացել են:








































