Խորհրդարան անցած և մանդատները վերցնելու պատրաստակամություն հայտնած ուժերը չեն դադարում խոսել փողոցային պայքարի մասին։ Նախ՝ «Հայաստան» դաշինքի կարկառուն ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց անհնազանդության հնարավոր ակցիաների մասին, հետո էլ արդեն «Պատիվ ունեմ» դաշինքի քարտուղար Հայկ Մամիջանյանը նշեց, որ որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ «Պատիվ ունեմ» դաշինքը կխորշի փողոցային պայքարից։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ քաղաքական ճգնաժամը երկրում հաղթահարված չէ ու նման գործողություններ հնարավոր են․ «Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե քաղաքական ճգնաժամը հաղթահարված է՝ դա իրականության հետ առնչություն չունի։ Պարզ է և քաղաքական էլեմենտար գիտելիքներ ունեցող մարդը հասկանում է, որ այս պահին փողոցում քաղաքական պրոցեսներ տանելը՝ կոպիտ սխալ է։ Հիմա զինադադար է։ Նախկիններին խորհրդարան բերեց Նիկոլ Փաշինյանը։ Փաստորեն ԱԺ-ում են այն բոլոր ուժերը, որոնք պատասխանատու են օրվա այս աղետի համար։ Պրոցեսը շարունակվում է, ինչ-որ հարմար պահի գործընթացը վերսկսվելու է։ Դրսի արտաքին լարվածությանը կգումարվի ներքինը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հասարակության մոտ վրդովմունք է առաջացնում նաև իշխանական ցոպ ու շվայտ հարսանիքները․ «Ինձ համար իրենք շուտվանից էին բացահայտված, բայց հիմա էլ ցույց են տալիս իրենց իրական կերպարը։Վատն այն է, որ հիմա հակառակ պրոցեսը տեղի ունեցավ՝ մրից դուրս ենք գալու ջրի մեջ հայտնվենք։ Մեզ համար երկու կողմն էլ չարիք է»։
Մակեյանն ընդգծեց, որ նոյեմբերից սկսած իրենք փորձում են երրորդ բևեռ ձևավորել, սակայն անարդյունք․ «10-ից ավել կուսակցություններ մասնակցում էին այդ գործընթացին։ Բայց երբ եկավ հանգուցալուծման պահը, որ կայանա այն ուժային կենտրոնը՝ և՛իշխանությունը և՛ ընդդիմությունը արեցին ամեն ինչ, որ այդ բևեռը չձևավորվի։ Մեր կուսակցությունը ստիպված եղավ հայտարարել չմասնակցել դաշինքին և ընտրություններին։ Երկու կողմի համար էլ ձեռնտու է այս վիճակը։Նիկոլի համար ձեռնտու է, որ նախկինների միջոցով պահի իր իշխանությունը, իր գոյությունը։Իսկ նրանց էլ ձեռնտու է, որ Նիկոլի թիմն ամեն օր սխալներ թույլ տա, զիջումներ անի թշնամուն։ Ո՞վ կարող էր մտածել, որ Ռոբերտ Քոչարյանը մինուսից 21 տոկոս ձայն կհավաքի։ Դա միայն Նիկոլի շնորհիվ է»։