Ռուբեն Վարդազարյանն ամենասկզբից հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդի նիստերին և առաջարկել է, որ եթե կլինեն իրեն վերաբերող հարցեր, գրավոր ձևով ուղարկենք իրեն։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։
Վերջինս նկատեց՝ քանի որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը չի նախատեսում նման գործընթաց, այդ տարբերակը չեն կարող կիրառել։
Գրիգոր Բեքմեզյանն ասաց, որ ստացել են Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը Ռուբեն Վարդազարյանի գործով, խորհուրդը նիստ կգումարի, կքննարկի և՛ դատարանի որոշումը, և՛ Ռուբեն Վարդազարյանի դիմումն ու օրենքով նախատեսված ընթացակարգերի համաձայն՝ որոշում կկայացնեն։