
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի կայանալիք իրենց հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, բայց փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել են հայկական լրատվամիջոցների այն հրապարակումներին, որ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները կարող են դիտարկել ՀՀ սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակներ և ստորագրել համապատասխան փաստաթուղթ:
«Այս հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Պեսկովը: «Իհարկե, կքննարկվի Ղարաբաղը, կքննարկվեն այնտեղ տեղակայված ռուս զինվորականները և ընդհանրապես երկկողմ հարաբերությունները: Բայց որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»,- շեշտել է նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: