Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Շահդենիզ» կոնսորցիումը տենդեր է հայտարարել դեպի Եվրոպա ադրբեջանական գազի փոխադրման երթուղիների ընտրության շուրջ։
Նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) ուշադրության կենտրոնում են գտնվում գազամուղների մի շարք (այդ թվում՝ նաև Nabucco-ն) նախագծեր, որոնք «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը Թուրքիայի տարածքով կհասցնեն Եվրոպա։
Տենդերին մասնակցող ընկերությունները պետք է ներկայացնեն այդ նախագծերի վերաբերյալ տեղեկատվություն (արտահանման ենթակառույցների ընտրություն, տարիֆային առաջարկներ և այլն) և իրենց գնահատականը։ Դա պետք է արվի մինչև հոկտեմբերի 1-ը։
Հիշեցնենք, որ «Շահ Դենիզ» գազային հանքավայրի պաշարները գնահատվում են 1.2 տրիլիոն խորանարդ մետր։ «Շահ Դենիզ»-ի մշակման առաջին փուլում տարեկան արդյունահանվում է 9 միլիարդ խորանարդ մետր։ Պլանավորված է երկրորդ փուլում (2016-2017) արդյունահանումը հասցնել տարեկան 16 միլիարդ խորանարդ մետրի։










































