«Առաջին լրատվականի» հետ զրույցում տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ հարկատուների հարկային մուտքերը, ըստ էության, ավելացել են 11%-ով`կազմելով մոտ 232 մլրդ դրամ:
«Սակայն դա բոլորովին չի բնութագրում տնտեսության իրական վիճակը և չի խոսում տնտեսության իրավիճակի բարելավման մասին»,-նշեց տնտեսագետը:
«Խոսենք փաստերով. առաջին 14 տեղում գտնվող կազմակերպությունները ապահովում են ընդհանուր աճի 67%-ը, միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 48%: Ինչո՞վ է դա բացատրվում: Դա բացատրվում է անցյալ տարվա համեմատությամբ պղնձի գնի թանկացմամբ»,-ասաց տնտեսագետը: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարած հարկային մուտքերը բյուջե կազմել են 15 մլրդ դրամ, որից ավելի քան 55%-ը կազմել են ուղղակի հարկերը` շահութահարկը և եկամտահարկը: Այսինքն` երկրում չկա տնտեսության իրավիճակի փոփոխություն:
«Ընդ որում, երկրում հարկային մուտքերը աճել են 11%, այն դեպքում, երբ գների ինդեքսը աճել է 9.4%, այսինքն` հարկային մուտքերի ավելացումը տեղի է ունեցել գների աճի հաշվին: Սա կործանված տնտեսության պատկեր է»,- ասաց Մովսես Արիստակեսյանը:
«Անդրադառնալով «ՀայՌուսգազարդին»` նշենք, որ վճարած հարկերը կազմում են 12 մլրդ 700 մլն դրամ անցած տարվա 10 մլրդ դրամի դիմաց, թվում է, թե աճ է տեղի ունեցել, սակայն տեսնենք այդ աճը ինչի հաշվին է տեղի ունեցել: Տեսնելով վճարած հարկատեսակների պատկերը եզրակացնում ենք, որ շահութահարկը և եկամտահարկը այս տարի մոտ 10 անգամ գերազանցել են անցած տարվա ցուցանիշին: Սպառման ծավալների նվազման հետ մեկտեղ աճել են ուղղակի հարկերը: Տնտեսության զարգացում չկա»,- եզրափակել է տնտեսագետը:











































