Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն գյուղի և գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մասնակիցների թվում են եղել պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի անդամներ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է գյուղի և գյուղատնտեսության համակարգային զարգացման ծրագիրը` մշակված խոշոր համայնքների համար: Մասնավորապես, քննարկվել են համակարգային մրցունակության բարձրացման ու համայնքի մակարդակում մրցունակ տեղական տնտեսության զարգացման մոդելի ստեղծման մեխանիզմները և ուղիները, ինչը հնարավորություն կտա ձևավորել գյուղատնտեսության և համայնքային զարգացման համապարփակ համակարգ: Այդ համատեքստում ներկայացվել են մեր երկրի մի շարք համայքներում տեղական տնտեսական զարգացման հաջող օրինակներ:
Անդրադարձ է արվել նաև Հայաստանում շուկայական խորհուրդների ձևավորման հեռանկարներին: Նշվել է, որ դրանց գործունեությունը նպատակաուղղված է լինելու գյուղմթերքներ արտադրողների կայուն զարգացման և պաշտպանվածության, ոլորտում արդարության, կայունության և արդյունավետության ապահովմանը, ինչպես նաև մատչելի և առողջ գյուղմթերք սպառելու հանրության շահի պաշտպանվածությանը:
Հաջորդիվ խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել արծարծված հարցերի կապակցությամբ, հնչեցրել առաջարկություններ և դիտարկումներ:
Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետ Սարգսյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներին մեկ ամսվա ընթացքում գրավոր ներկայացնել ծրագրի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, որից հետո կմշակվի միջոցառումների հստակ ծրագիր:











































