Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ:
Այվազյանը խոսել է իր հրաժարականի պատճառների մասին և արել ուշագրավ հայտարարություններ.« Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով»,-մասնավորապես նշել է Այվազյանը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ:
Նրա խոսքով՝ ԱԳ նախարարը չկարողացավ հակադրվել Հայաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ ուղղված քաղաքականությանը․ «Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Բելառուսը և Հայաստանը՝ ի դեմս վարչապետի ուզում են տապալել Մինսկի կոնֆերանսը, այսինքն Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքեն խաղաղության պայմանագիր և շրջանցեն Մինսկի խումբը»: