Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում մի քանի տասնյակ մարդ է տուժել անկարգությունների վերածված զանգվածային ցույցերի հետևանքով։ Իշխանությունները պարետային ժամ են սահմանել։ Այս մասին հայտնում է Բոգոտայում Կարմիր խաչի գրասենյակն իր թվիթերյան էջում։
Նշվում է, որ Կարմիր խաչն օգնություն է ցուցաբերել 82 մարդու, որոնցից 77-ը քաղաքացիական անձինք են, 5-ը՝ ոստիկաններ։
Վերոնշյալ անձինք վնասվածքներ են ստացել մայրաքաղաքային Համունդի բնակավայրում անկարգությունների ժամանակ։
Անցած շաբաթվանից Կոլումբիայում ցույցեր են ընթանում ընդդեմ հարկային բարեփոխման։ Մայրաքաղաքից բացի, ցույցեր ու անկարգություններ են տեղի ունեցել մի քանի այլ քաղաքներում։ Բարիկադների երկու կողմերում վիրավորվել է ավելի քան 840 մարդ, հաղորդվում է 431 ձերբակալվածի մասին։ Ավելի ուշ նախագահ Իվան Դուկեն հրապարակավ հրաժարվել է ընդլայնել ԱԱՀ-ի կիրառումը բենզինի, կոմունալ ծառայությունների և եկամտահարկի բազայի նկատմամբ, սակայն ցույցերը չեն հանդարտվել։









































