Եվրախորհրդարանի բանաձևը՝ հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ, ընդունվել է բացարձակ մեծամասնության կողմից: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Արա Այվազյանը վստահեցրեց, որ ՀՀ ԱԳՆ-ն միջազգային բոլոր հանդիպումների ընթացքում բարձրաձայնում է գերիների վերադարձի հարցը:
Այվազյանը նկատեց, որ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումն օրեցօր աճում է.
«Կարծում եմ՝ պահը կգա, որ Ադրբեջանը չի կարողանա հերքել այս միջազգային ճնշումը՝ սկսած մարդասիրական բնույթի հարցերից մինչև ՀՀ ինքնիշխան տարածքներ ներթափանցելու իր փորձը և դուրս գալուց հրաժարվելը: Շարունակելու ենք շատ հետևողականորեն և նպատակաուղղված այս հարցը առաջ տանել: Հակառակ պարագայում՝ Ադրբեջանը կարող է առճակատվել շատ ավելի լուրջ հետևանքների»,-ասաց Արա Այվազյանը:









































