Թուրքական Haberdar կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Դամասկոս կատարած այցից հետո երեկ հանդիպում է ունեցել վարչապետ Էրդողանի հետ։
Տեղական ժամանակով ժամը 00.00-ին Դավութօղլուն ժամանել է Էրդողանի տուն և, մոտ մեկ ժամ այնտեղ մնալուց հետո, լքել է այն։
Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի ասվում։
Հիշեցնենք, որ Դավութօղլուին Դամասկոս էր գործուղել Էրդողանը, որը սիրիական ղեկավարության գործադրած բռնությունների կապակցությամբ հայտարարել էր, թե իրենց համբերությունն արդեն հատնել է։
Սա առաջացրել էր թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի զայրույթը, որն իր հերթին հայտարարել էր, որ եթե որևէ երկրի վարչապետ հայտարարում է, թե «իրենց համբերությունը հատնել է», ապա դրան հաջորդում է ռազմական միջամտությունը։









































