Արևմտյան երկրները շարունակում են Բելառուսից պահանջել ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին և նրա ընկերուհուն։ Մի շարք երկրներ արդեն փակել են իրենց օդանավակայանները բելառուսական պետական ավիաընկերությունների համար, արգելել են թռիչքները Բելառուսի օդային տարածքով, ինչպես նաև պատրաստվում են տնտեսական պատժամիջոցներ կիրառել։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ իր երկրի կառավարությունն ուսումնասիրում է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ Կանադայի իշխանությունները նաև ավիաընկերություններին կոչ են արել խուսափել Բելառուսի օդային տարածքով թռիչքներից։
Միևնույն ժամանակ Օտտավայում Բելառուսի դեսպանատունը, որն արդեն գործում է 24 տարի, հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից կփակվի։ Ըստ Կանադայում Բելառուսի դեսպանի պաշտոնակատար Եվգենի Ռուսակի՝ այդ որոշումն ընդունվել է «առկա երկկողմ շփումների վրա գործնական ազդեցության վերլուծության հիման վրա»։ Ըստ Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության՝ Կանադայի դեսպանատան հյուպատոսական գործառույթներն, ամենայն հավանականությամբ, հետագայում կիրականացնի Նյու Յորքի գլխավոր հյուպատոսությունը։
Իր հերթին, ԵՄ երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի ավարտին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է ԵՄ պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ՝ նշելով, որ գուցե, դա բավական չլինի։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես ասել է, որ Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ են նախատեսվում։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Աթենքից Վիլնյուս թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկում, և Բելառուսի իշխանությունները ձերբակալել էին ընդդիմադիր տելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչին և նրա ընկերուհուն։











































