Գվատեմալայում սպանվել են ՀՀ երկու քաղաքացիներ` հայր և որդի: Այս մասին հայտնել են Գվատեմալայի լրատվամիջոցները` հղում անելով տեղական ոստիկանությանը:
60-ամյա Մանվել Մալոյանը և նրա որդին` 30-ամյա Դավիթ Մալոյանը, երկուշաբթի օրը սպանվել են հրազենով: Դեպքը տեղի է ունեցել «Մետեո Ֆլորես» ստադիոնի մոտ, որտեղ նրանք մարզում էին տեղի թեթև ատլետիկայի հավաքականին: Ականատեսների վկայությամբ՝ Մալոյանների մեքենան կայանել էր խաչմերուկի մոտ, որտեղ տեղացիները վիճաբանում էին: Տաքսու ուղևորներից մեկը հանկարծ կրակել է Դավիթի դեմքին, որից հետո էլ սպանել է նրա հորը, երբ վերջինս փորձել է օգնություն ցուցաբերել որդուն:
Առայժմ պարզ չեն հանցագործության պատճառները։ Ոստիկանությունը հակված է այն մտքին, որ դա թալանի փորձ էր: Մարզիկները, որոնց մարզում էին Մալոյանները, իշխանություններից պահանջել են անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Գվատեմալացի լրագրողները սկզբում հայտնել էին, թե Մալոյանները Ռուսաստանի քաղաքացիներ են:
Մանվել Մալոյանը արդեն 10 տարի մարզում էր Գվատեմալայի թեթև ատլետիկայի հավաքականը: Մի քանի տարի առաջ նրան էր միացել նաև որդին: Գվատեմալան համարվում է Լատինական Ամերիկայի ամենավտանգավոր երկիրը. այստեղ օրական միջինը 16 սպանություն է տեղի ունենում,- հայտնում է РИА Новости-ն:










































